Հայաստանի իշխանությունների խնդիրն է իրենց քաղաքացիներին բացատրել իրենց ծրագրած քայլերի բոլոր հետեւանքները։
Կարգավորող շրջանակները և սակագնային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի ներսում, փոխադարձաբար բացառվում են, և այստեղ հարցը քաղաքական նախապատվություններից չէ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի սկիզբը։
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ «Կողմ» է քվեարկել 63 պատգամավոր, բոլորը՝ իշխող խմբակցության ներկայացուցիչներ, 7-ը՝ «դեմ»։
«Այս խնդրի բարձրաձայնումից խուսափելու, այն քողարկելու և այս կարևոր նրբերանգը չտեսնելու փորձերը իրականության ժխտում են և, հնարավոր է, որոշ չափով ապատեղեկատվություն նրանց, ովքեր առաջարկում են համապատասխան որոշումներ կայացնել»,- ասել է Զախարովան։
Ըստ նրա՝ դա Հայաստանի ինքնիշխան ընտրության խնդիրն է, և Ռուսաստանը դա չի հերքում։ Սակայն Հայաստանի ներկայիս իշխանություններն են, այլ ոչ թե Ռուսաստանը և ԵԱՏՄ-ն, որ կրում են բնակչությանը իրենց ծրագրած քայլերի բոլոր հետևանքները բացատրելու հիմնական պատասխանատվությունը։
Նա կոչ արեց հասկանալ այս ամենը, հատկապես, երբ կայացվում են երկրի համար ճակատագրական որոշումներ։ Զախարովան կարծում է, որ եթե «արևմտյան փորձն այդքան թանկ է Երևանի ներկայիս իշխանությունների համար, նրանք պետք է նայեն, անցկացնեն հասարակական կարծիքի հարցում, հանրաքվե»։