ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Ներակայցուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» միջազգային գիտաժողովում.
«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ,
այսօր մենք քննարկում ենք մեր օրերի ամենաարդիական ու կարևոր թեմաներից մեկը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մարտահրավերները։ Սա միայն քաղաքական կամ դիվանագիտական խնդիր չէ. սա մեր ազգային-պետական գոյության և ինքնության հարցն է։
Նախ ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել այս խորհրդաժողովի զեկուցողներին, ովքեր անգնահատելի աշխատանք են կատարել այս հարցերի տարբեր ասպեկտները ներկայացնելու և վերլուծելու ուղղությամբ։
2020 թվականի պատերազմը ոչ միայն հարված հասցրեց Արցախին և Հայաստանին, այլև խաթարեց տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։
Հիմա արդեն կարող ենք վստահորեն ասել՝ Արցախի օկուպացիայով Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն ամրապնդեցին իրենց դիրքերը տարածաշրջանում, այլև մեկնարկեց ողջ տարածաշրջանը դոմինոյի շղթայական ռեակցիայով ապակայունացնելու, հակամարտությունները ուժի կիրառման միջոցով լուծելու նոր փուլ։ Արցախը դոմինոյի շղթայի առաջին օղակն էր։
Ուժերի հավասարակշռության բացակայության պայմաններում Թուրքիան այսօր բացարձակ անպատժելիորեն է գործում ողջ տարածաշրջանում, և դրա վկայությունն են վերջին զարգացումները։
Կարծում եմ, արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ հայկական Արցախը զրահաբաճկոնի դեր էր կատարում ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար՝ պահպանելով ուժային հավասարակշռություն և տարածաշրջանային կայունություն։
Ի վերջո՝ պետք է գիտակցենք, որ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի նպատակը միայն տարածքների զավթումը կամ տնտեսական շահերը չեն։ Նրանց վերջնական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան։