Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
Նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ,
Նիստի հարգելի մասնակիցներ,
Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա եզրափակիչ հանդիպմանը։
Նախ ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ այսօրվա հանդիպման հյուրընկալության և բարձր մակարդակով կազմակերպման համար։
Հարգելի Օլժաս Աբայի, ընդունեք շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով։ Համոզված եմ, որ Ձեր փորձը, բարձր պրոֆեսիոնալիզմը և գործարարական հատկությունները կօգնեն Ձեզ այսուհետ ևս հաջողությամբ լուծել Ղազախստանի Հանրապետության շահերն առաջ տանելու խնդիրները։
Գործընկերներ,
Ժամանակակից իրողությունների պայմաններում ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը՝ տարբեր մասշտաբների ներդրում ունենալով մեր պետությունների տնտեսական աճի դինամիկայի մեջ։
ԵԱՏՄ անդամ երկրների տարածքներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը բազային սկզբունք է։ Համագործակցության արդյունավետությունը գնահատելու առանցքային չափանիշներից մեկը, իհարկե, մնում է փոխադարձ առևտրի խոչընդոտների բացահայտումն ու վերացումը, ինչն ամրագրված է Հայաստանի նախագահության առաջնահերթ ուղղություններում։
Այս համատեքստում մենք ողջունում ենք Հանձնաժողովի ջանքերը՝ դինամիկան վերլուծելու և խոչընդոտների առաջացման և վերացման հիմնական միտումները բացահայտելու գործում: Այս անընդհատ աշխատանքը մշտապես մնում է մեր ուշադրության կենտրոնում, և դրա վերջնական նպատակը մեր երկրների բիզնեսի համար նոր հնարավորություններ ստեղծելն է:
Նաև կարևոր ենք համարում Էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհային քարտեզի արդյունավետ իրականացումը։ Սա թույլ կտա ոչ միայն հեշտացնել թվային առևտրի ընթացակարգերը, այլև գործընթացի բոլոր մասնակիցների համար ստեղծել ավելի կանխատեսելի և կայուն միջավայր, որն իր հերթին կդառնա ԵԱՏՄ ներքին շուկայի կայուն գործունեությունն ապահովելու ևս մեկ գործիք։
ԵԱՏՄ-ի նպատակների և խնդիրների իրականացման տեսանկյունից առանցքային տարր էր կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկումը։ Սա նշանակալի քայլ է մեր երկրներում արդյունաբերության մրցունակության բարձրացման ուղղությամբ, և ճիշտ մոտեցում ցուցաբերելու պարագայում կարող է նպաստել բարձր տեխնոլոգիական արտադրանքի ստեղծմանը և արդյունաբերական համագործակցության ընդլայնմանը։
Խորհրդի բոլոր անդամներին արդյունավետ աշխատանքի և Հայաստանի նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացմանն աջակցելու համար:
Շնորհակալություն ուշադրության համար»:
Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, որոնք վերաբերել են արդյունաբերական ոլորտում համագործակցությանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում էլեկտրոնային առևտրի զարգացմանը, էներգետիկ ռեսուրսների ոլորտում ընդհանուր շուկայի ձևավորմանը, Եվրասիական տնտեսական միության 2025 թվականի բյուջեի նախագծին և այլն:
Ստորագրվել են նիստում ընդունված որոշումների արձանագրությունները: