00:00:00

Կառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես․ Սիսակ Գաբրիելյան

15:45, 13 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

 

 

Կառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես: Այս մասին գրում է ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Գուցե անհավանական է թվում ասածս, բայց փորձեմ պարզ ու հստակ բացատրել կառավարության նոր որոշումը։

Տեսեք, այս պահին մոտ 220 հազար քաղաքացի առնվազն 3 տարի չի վճարել վերցրած վարկերը և կուտակել միջինացված 800,000 դրամ պարտք (մայր գումար + տույժ-տուգանք): Բանկային հաշիվները կալանքի տակ են, և նրանք «սև ցուցակում են»։

Հարգելի քաղաքացի, ուզու՞մ ես մոտ 4 անգամ նվազեցնել այս թիվը, տարաժամկետ վճարելով փակես թեման ու նոր էջից սկսես ֆինանսական պատմությունդ։ Ասեմ՝ ինչ է պետք․

Համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դարձիր գրանցված աշխատող (օրինակ՝ ամսական 150,000 դրամ աշխատավարձով) և՝

 1. Բանկը կների տույժ-տուգանքի 80%-ը, և քո նոր պարտքը կդառնա մոտ 450,000 դրամ։

 2. Քո վճարված 20% եկամտահարկը (30,000 դրամ/ամիս), որը դու փաստացի չես էլ ստանում, կառավարությունը կուղղի քո վարկի մարմանը։

 3. ԴԱՀԿ-ն քո մաքուր (հարկված) աշխատավարձից 20%-ը (24,000 դրամ/ամիս) կպահի նոր պարտքի մարման համար։

Արդյունքում՝

 • Քո վճարելիքը կդառնա մոտ 220,000 դրամ։

 • Մեկ տարուց էլ քիչ ժամկետում (9-10 ամսում)՝ ամսական մոտ 24,000 դրամ վճարելով, դու կփակես այս էջը։

Ծրագրից կարող են օգտվել մինչև 1 մլն դրամ վարկ վերցրած քաղաքացիները, որոնց 3 տարվա պարտքը այս պահին վստահաբար դարձել նվազագույնը 2 մլն դրամ:

Խնդրում եմ հաշվի առնել, որ այս օրինակն ընդհանուր է, և թվերը կախված են վարկի պայմանագրից, տոկոսադրույքից ու աշխատավարձի չափից։ Սակայն փաստն այն է, որ կուտակված պարտքը վերջնարդյունքում մոտ 4 անգամ կնվազի։

Առաջիկայում կտեղեկացնեմ նաև, թե ինչպես ու երբ կարող եք դառնալ ծրագրի շահառու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր