Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել,որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ ստացվում է 5 րոպե անց ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Պարզվել է՝ հրդեհը բռնկվել է նշված շենքի 1-ին հարկի բնակարանում։ Հրշեջ-փրկարարները 41-րդ բնակարանից դուրս են բերել տանտիրուհուն՝ 49-ամյա Ֆրիդա Կ.-ին, ով տեղում օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն ստանալու ժամանակ մահացել է։
Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները շենքից տարհանել են մոտ 20 բնակչի։