Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, «Գիրչի-Դրոայի» գրասենյակի մոտ բերման է ենթարկվել ընդդիմադիր «Ախալի» կուսակցության հիմնադիր, «Փոփոխությունների համար կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիան, գրում է aliq.ge-ն:
Գվարամիային ոստիկանությունը բերման է ենթարկել ուժի կիրառմամբ․ վիճաբանության ժամանակ նրան գցել են գետնին, իսկ հետո նրան ուշաթափված վիճակով քարշ տալով տարել դեպի ոստիկանական տարբերանշաններ չունեցող մեքենա:
Ժամեր անց հայտնի է դարձել, որ Նիկա Գվարամիան տեղափոխվել է Մառնեուլիի կալանավայր։
Այս մասին տեղեկությունը տարածել է փաստաբան Դիտո Սաձագլիշվիլին։ Նրա խոսքով՝ Նիկա Գվարամիայի գտնվելու վայրի մասին տեղեկությունը ստացել են հանրային պաշտպանի գրասենյակից։ Ներքին գործերի նախարարությունը նրանց պաշտոնապես չի տրամադրել ձերբակալվածի մասին տեղեկություն։
Գվարամիայի առողջական վիճակի մասին նույնպես չկա տեղեկություն:
ՆԳՆ ներկայացուցիչները մտել են նաև այլ քաղաքական կուսակցությունների գրասենյակներ՝ դրանք խուզարկելու նպատակով։
Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ բերման է ենթարկվել ըմբիշ, աշխարհի չեմպիոն Դավիթ Դաթունաշվիլին, ով այժմ ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի մաս հանդիսացող «Ախալի» կուսակցության անդամ է:
Տեղեկություններ կան նաև ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի մաս հանդիսացող «Քաղաքացիներ» կուսակցության նախագահ Ալեկո Էլիսաշվիլիի բերման ենթարկելու մասին:
Ընդդիմության անդամները հավաքվել էին Ազատության հրապարակում գտնվող Courtyard by Marriott Tbilisi հյուրանոցում. նրանց հավաքին զուգահեռ հյուրանոցի մոտ մոբիլիզացվել էին ոստիկաններ, հատուկջոկատայիններ և դիմակավորված անվտանգության ուժեր։ Ներկա էր նաև Հատուկ առաջադրանքների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլին («Խարեբա»)։