2018 թվականի բերումով ու իրավիճակում Ղարաբաղի հարցի ցանկացած բանակցային առաջընթաց կարող էր լինել մեկ ճանապարհով՝ Հայաստանի անկախության հաշվին: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Ես էմոցիոնալ գնահատական չեմ տալիս այդ իրադրությանը: Ես նախկինում ասել եմ, որ այդ պահի դրությամբ Ղարաբաղի հարցը լուծված էր, այդ պահի դրությամբ խնդիր էր դրված, այդ թվում՝ 44-օրյա պատերազմով, լուծել Հայաստանի հարցը»:
Վարչապետը վստահեցրեց, որ եթե 2021 թվականի մայիսին առաջնորդվեին այն տրամաբանությամբ, ինչն առաջարկում էր ընդդիմությունը, դա նշանակելու էր Հայաստանի Հնարապետության պետականության լուծարում:
«Որովհետև խորհրդարանը ցրված էր, Կառավարությունը հրաժարական տված էր, ու եթե մենք ձեր մտքերի ընթացքով ու տրամաբանությամբ գնայինք, հիշում եք, որ ասում էիք՝ ինչու եք ՀԱՊԿ-ին դիմում, դուք մի հատ չէիք կրակում, ՀԱՊԿ-ի՞ն եք դիմում: Մենք այդ ժամանակ որ կրակեինք, լինելու էր ռազմական էսկալացիա` մեր դաշնակիցների կողմից թիկունքում մեզ համար լարած որոգայթներով, բայց եկեք նայենք դրա քաղաքական հետևանքը` Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի չէին ունենա, Հայաստանում օրինական իշխանության ինստիտուտներ չէին ձևավորվի, ու կարող է, օրինակ, նման սցենար լիներ, որ այդ թվում անվտանգային կազմակերպությունը մտնում է ու Հայաստանում իրականացվում է անցումային կառավարում: Ես սրանից խուսափելն եմ համարում մեծ հաջողություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: