Բոլորը շատ լավ գիտեն՝ ինչ է նշանակում պետական գաղտնիք, պետական կարևորության փաստաթղթեր, ես 6-7 տարվա մեջ երբևէ չեմ եղել այն բաժնում և չեմ դիմել այս կամ այն գաղտնի փաստաթղթին ծանոթանալու, երբևէ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողն երի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցությունից հեռացած պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ից իր հասցեին հնչող մեաղադրանքներին, որ ինքը պետական գաղտնիք համարվող տեղեկությունների արտահոսք է կազմակերպել:
«Իսկ եթե խոսքը վերաբերում է խմբակցության նիստերից արտահոսքին, որտեղ մասնակցում են, առավելևս վարչապետի ներկայությամբ, 60-70 պատգամավոր, և ոչ միայն պատգամավորներ, այլ նաև կառավարության անդամներ, ապա ասեմ՝ դուք բոլորդ գիտեք, որ ես միշտ հասանելի եմ: Հիմա այդ զրուցելու ընթացքում, թե հարցազրույցի ֆորմատով, թե ընդհանրապես, կարող է պատահի, որ այդ զրույցների ընթացքում ես մի բան եմ ասել, որ չէր կարելի ասել:
Ես չեմ հիշում կոնկրետ այդպիսի դեպք, որ նպատակամղված, պլանավորված, այսօր սա եմ ասել արտահոսք, հետո նա եմ ասել արտահոսք»,-ասաց Աղազարյանը:
Դիտարկմանը, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոջորյանը քիչ առաջ ասաց, որ երբ այդ մեղադրանքները ձեզ ներկայացրել են, դուք որևէ կերպ չեք արդարացրել և ներողություն չեք խնդրել, Աղազարյանն ասաց. «Ես լրագրողների պահով այդ արտահոսքի պահով արտահայտվեցի»: