Գուզեմ օր միշտ խնդաս, իմ սրտի քաղաք: Այս մասին իր էջում գրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ով հավակնում է Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել:
Նա գրել է. «Սիրել՛ գյումրեցիներ,
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դեկտեմբերի 8-ից 10-ը Գյումրիում անցկացվելու է փրայմերիզ` Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն կատարելու նպատակով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ փրայմերիզի մասնակիցներից մեկը հանդիսանում եմ ես։
Շատերն են հարցնում, թե ինչու՞ եմ ինքնաառաջադրվել՝ լինելով Ազգային Ժողովի պատգամավոր, ունենալով առաջնային մանդատ, ինչու՞ եմ ցանկանում դառնալ քաղաքապետի պաշտոնակատար։
Սիրելի՛ գյումրեցիներ,
աշխատելով որպես Շիրակի մարզպետ, Ազգային ժողովի 7-րդ, 8-րդ գումարման պատգամավոր, ԱԻՆ նախարարի տեղակալ, միշտ ապրել եմ իմ հարազատ քաղաքում, խորապես տեղյակ եմ քաղաքի խնդիրներին, գիտեմ գյումրեցուն բնորոշ բնավորության գծերը, մեզ կապող հոգևոր արժեքները, որոնք երբեք բառերով չես կարող նկարագրել, տիրապետում եմ կառավարչական հմտություններին։ Կարծում եմ՝ սրանք այն կարևորագույն չափանիշներն են, որոնցով պետք է օժտված լինի Գյումրի համայնքի ղեկավարը։
Չնայած մամուլում տարածված կեղծ ու սին զրպարտանքներին՝ իմ անձի նկատմամբ, ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ նման արատավոր երևույթներին միշտ դեմ եմ եղել և միշտ եմ լինելու։ Ունեմ 2 որդի, որոնց համար իմ վարքով ու քայլերով ձգտում եմ լինել օրինակելի հայր և իսկական գյումրեցի։
Սիրելի՛ գյումրեցիներ,
պատրաստ եմ ողջ ներուժս դնել իմ սիրելի քաղաքի համար, որպեսզի իմ Գյումրին ծաղկի, դառնա այն քաղաքը, որը շատերի համար կլինի ապրելու ու աշխատելու համար երազանքի քաղաք։
Կարևորագույն նպատակ եմ համարում սերունդներին փոխանցել բարեկեցիկ, զարգացած քաղաք` պահպանելով Գյումրու կոլորիտն ու հմայքը։
Ես գալու եմ աշխատելու, թեթևացնելու գյումրեցու հոգսը, ծառայելու իմ հայրենի քաղաքին` քաղաքը դարձնելով շինհրապարակ, զբոսաշրջության կենտրոն, ժպտացող մարդկանց քաղաք։
Սիրելի՛ գյումրեցիներ,
դուք ունեք հնարավորություն դեկտեմբերի 8-ից 10-ը կատարելու ընտրություն` ձեր քվեն տալով Գյումրիում ծնված, Գյումրիում ապրող, գյումրեցու յոլ ու ղայդեն լավ իմացող փորձառու և կարողունակ քաղաքական գործչին, եթե փրայմերիզի շրջիկ խմբերը մոտենան ձեզ։
Նաև կոչ եմ անում ակտիվ մասնակցություն ունենալ նախընտրական քարոզարշավին, եթե ինձ եք տեսնում որպես Գյումրի համայնքի ղեկավար։
Գուզեմ օր միշտ խնդաս, իմ սրտի քաղաք»։