Երևանում ավտոբուսների վարորդների գործադուլը կշարունակվի նաև վաղը: Այս մասին լրագրողներին ասաց գործադուլավորներից մեկը «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենի հետ հանդիպումից հետո։
«Կշարունակենք գործադուլն այնքան ժամանակ, մինչև լուծվի աշխատանքից ազատված վարորդների հարցը, վերանայվեն աշխատանքային պայմաններն ու աշխատավարձերը բարձրացվեն։ Ղեկավարությունը խոստացել է քննարկել ազատված վարորդների խնդիրը, եթե մնացածները վաղը աշխատեն»,-նշեց վարորդներից մեկը:
Նշենք՝ Երևանի քաղաքապետարանը կքննարկի ազատված վարորդների խնդիրը, եթե մնացածները վաղը աշխատեն։
Հիշեցնենք՝ «Երևանի ավտուբուս» ընկերության աշխատակիցներն այսօր վաղ առավոտից գործադուլ են անում՝ քաղաքապետարանից պահանջելով կատարել իրենց տրված խոստումը՝ 100-150 հազար դրամով բարձրացնել աշխատավարձերը։ Քաղաքային իշխանությունն իր հերթին հայտարարել է՝ նրանց հետ բացառում են քննարկումը, առավել ևս՝ աշխատավարձի բարձրացումը: 18 վարորդ ենթարկվել է պատասխանատվության, ազատվել է աշխատանքից: