00:00:00

Հարավային Կովկասը դառնում է թատերաբեմ տարբեր ուժի կենտրոնների միջև, և այդ պայքարը միտում ունի դեպի սրացում. Սաֆրաստյան

13:41, 29 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տարածաշրջանային փոխակերպումները և Հայաստանը․ անվտանգային տեղաշարժեր» միջազգային գիտաժողովը։ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, նպատակն էր քննարկել արդի փուլում կերպափոխվող տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները։ Գիտաժողովին մասնակցեցին դիվանագիտական, գիտական, կրթական, պաշտպանական կառույցների ներկայացուցիչներ։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։

«Մարդկությունը գտնվում է աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների ընթացքում, և այս պայմաններում յուրաքանչյուր երկիր պետք է մտահոգվի իր անվտանգային խնդիրներով։ Այս առումով Հայաստանի համար չափազանց լուրջ մարտահրավերներ կան, որոնց հաղթահարման ուղիները կարող են բացահայտվել գիտական մշակումների ճանապարհով», - ասել էց Յուրի Սուվարյանը։

Ակադեմիկոս Սուվարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է ապահովել իր անվտանգային միջավայրը մասամբ սեփական արտադրությամբ զինված բանակով, տեխնոլոգիապես զարգացած արդյունաբերությամբ և ճկուն դիվանագիտությամբ։

«Սա ենթադրում է ունենալ հզոր գիտություն։ Գիտությունն է երկրի անվտանգության զարգացման գլխավոր գործոնը։ Նմանատիպ գիտաժողովները պետք է նվիրվեն այնպիսի խնդիրներին, որոնց գործնական լուծումը կպայմանավորի մեր երկրի հզորությունը և դիրքը համաշխարհային քաղաքականության մեջ», - նշել է Յուրի Սուվարյանը։

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանը նշել է․ «Ակնհայտ է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո առկա տարածաշրջանային խնդիրները ոչ միայն լուծում չստացան, այլ առիթ հանդիսացան տարբեր աշխարհաքաղաքական բևեռների համար մրցակցության, դիրքավորման, խնդիրների նորովի լուծման համար։ Յուրաքանչյուր քաղաքական բևեռ այդ խնդիրներին նայելու է զուտ իր շահերի դիտանկյունից և հաճախ դրանք չեն համընկնելու հայկական շահերին։ Գիտաժողովի նպատակն է վեր հանել այդ բևեռների շահերը, փորձել հասկանալ, թե որ հատվածներում կարող են դրանք համընկնել ՀՀ կենսական շահերին»։

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի ավագ գիտաշխատող Գրիգոր Վարդանյանի խոսքով, նվտանգային տեղաշարժերը Հարավային Կովկասում վերաձևավորվում են Պարսից Ծոցը Սև Ծովին միացնելու համար Հյուսիս- Հարավ միջանցքի և Կենտրոնական Ասիան Արևմուտքին կապող Միջին Միջանցքի մեգածրագրերի իրագործման համատեքստում»:

ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը նշել է․ «Ակներև են Հայաստանի ջանքերը Միջին Արևելքի և արաբական երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։ Սա նշանակում է, որ Հայաստանը գործ ունի ոչ միայն մի քանի երկրների, այլ նաև Արևելքի հետ։ Արևելագետների ջանքերով է նաև, որ այս հարաբերություններն ուսումնասիրվում են, մշակվում և ամրապնդվում»։

Թունիսի Հանրապետությունում և Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը գիտաժողովին ուղերձ էր հղել․ «Արցախյան պատերազմից հետո Հարավային Կովկասում փոխվեց ուժային հավասարակշռությունը։ Նշված խնդիրների վերաբերյալ քննարկումները և գիտական համայնքի կողմից բարձրացված հարցերը կարող են ոչ միայն օգտակար լինել մասնագիտական ակտիվ քննարկումների ծավալման, այլև ՀՀ դիվանագիտության համար։ Այս տեսանկյունից, գիտության և դիվանագիտության կապն ու համագործակցությունը կարող են ծառայել ի շահ մեր պետության ազգային շահերի»։
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը կարևորեց Հայաստանում իրականացվող արևելագիտական հետազոտությունները։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն իր զեկուցման ժամանակ շեշտել է, որ Հարավային Կովկասը դառնում է թատերաբեմ աշխարհի տարբեր ուժի կենտրոնների միջև, և այդ պայքարը միտում ունի դեպի սրացում։

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել հետազոտողներ ԱՄՆ-ից, Եթովպիայից, Հայաստանից, Սիրիայից։

Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը՝ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր