ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարությամբ է հանդես եկել՝ հորդորելով զերծ մնալ ՍԴ որոշման (որոշումների) բովանդակությունը խեղաթյուրելու փորձերից։
«Վերջին շրջանում հաճախակի են դարձել հանրային հարթակներում՝ սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում Սահմանադրական դատարանին և առանձին դատավորներին թիրախավորման դեպքերը՝ պայմանավորված անհատական, խմբային կամ այլ հատվածական (գերակշռաբար՝ քաղաքական) շահերով։
Սահմանադրական դատարանը մշտապես առաջնորդվել է շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների կողմից անհիմն և անբովանդակ խոսույթին, որքան էլ այն իր մեջ պարունակել է Սահմանադրական դատարանի, Սահմանադրական դատարանի դատավորների կամ աշխատակազմի աշխատակիցների հասցեին ուղղված արատավորող բովանդակություն, չանդրադառնալու՝ Բարձր դատարանի կարգավիճակին հարիր սկզբունքով։
Այդուհանդերձ, ակնհայտ է, որ առավել հաճախակի են դարձել դատական ակտերի իրավաչափությունը կասկածի տակ դնող սիրողական մակարդակի վերլուծությունների եզրահանգումներում Սահմանադրական դատարանի դատավորներին կամ աշխատակազմի աշխատակիցներին արատավորող տեղեկությունների տարածման, ՍԴ որոշման բովանդակության դիտավորյալ խեղաթյուրումների միջոցով հանրությանը մոլորեցնելու, ապատեղեկատվություն տարածելու փորձերը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորների և աշխատակազմի աշխատակիցների հեղինակազրկման նպատակով կատարվող հայտարարությունները։
Նմանօրինակ գործունեություն ծավալող անձանց և խմբերին հորդորում ենք զերծ մնալ ՍԴ որոշման (որոշումների) բովանդակությունը խեղաթյուրելու փորձերից և, հրապարակային հայտարարություններով հանդես գալուց առաջ նախ ընթերցել ՍԴՈ-1749 որոշումը։
Նման հակաօրինական դրսևորումների նկատմամբ հրավիրում ենք հատկապես զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը, և կարծում ենք, որ այս շարունակական վարքագծի նկատմամբ հանդուժողականությունն անթույլատրելի է և շարունակվելու դեպքում՝ պետք է արժանանա իրավական գնահատականի», - ասվում է հայտարարությունում։