00:00:00

«Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում

11:15, 02 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Ազգային ժողովը քվեարկում է երեկ նիստում քննարկած հարցերը: Խորհրդարանական ընդդիմության կողմից առաջարկած հարցի քննարկման ժամանակ վարման կարգով ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը և հայտարարեց՝ իրենք դեմ են քվեարկելու նախագծին:

Նշենք, որ ընդդիմությունն առաջարկում է բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել։

Կոնջորյանի խոսքով՝ ընդդիմադիր գործընկերներն իրենց պատգամավորական գործառույթների շրջանակներում օժտված են բոլոր լծակներով, որ անեն հարցադրումներ, հարցապնդումներ և փորձեն գտնել բոլոր տեղեկությունները, որոնք մտահոգում են իրենց:

«Մենք երեկ հիմնական զեկուցողից չենք լսել փաստարկված հիմնավորում, թե ինչու են պետք այս հարցերի պատասխանները ստանալ հենց քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ, ՔՊ-ն դեմ է քվեարկելու նախագծին»,- ասաց պատգամավորը:

Նախագիծը երեկ զեկուցել էր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ով վարման կարգով ևս ելույթ ունեցավ:

«Այն ինչ լսեցինք քաղաքական մեծամասնության կողմից, ընդամենը փորձ է հրաժարվել սահմանադրական պարտականությունների կատարումից: Եթե բավարար չափով հիմնավորումներ չեք լսել, դա չի նշանակում թե փաստարկված չէ: Հսկայական միջոցներ սփյուռքից և միջազգային կառույցներից հատկացվել են Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման համար:

Պառլամենտը պարտավոր է իրականացնել արդյունավետ վերահսկողություն: Հիմա եթե չեք մասնակցելու, դուք տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական ձեր լիազորություններից»,- ասաց Մինասյանը և մինչև քվեարկությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց:

Ընդմիջումից հետո նախագծին դեմ քվեարկեց ՔՊ-ն և նախագիծը չընդունվեց:

Նշենք, որ քննիչ հանձնաժողովի ստեղծման հիմնական նպատակն Արցախի ժողովրդի կենսագործունեության ապահովման պայմանների ուսումնասիրությունն է, կարիքների գնահատման համակարգի վերլուծությունը և իրականացվող ծրագրերի միջև անհամապատասխանության փաստերի արձանագրումն ու լուծումների առաջարկը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր