ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը պաշտոնական այցով ժամանել է Իրան, որտեղ բանակցություններ կվարի հանրապետության ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այցի շրջանակներում տեղի կունենան Ռուսաստանի կառավարության ղեկավարի բանակցությունները Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆի հետ։
Ավելի վաղ ՌԴ վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պլանավորվում է դիտարկել ռուս-իրանական առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության հարցերի ողջ շրջանակը, ներառյալ տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, կրթության և այլ բնագավառներում խոշոր համատեղ նախագծերի իրականացումը։