00:00:00

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա

17:19, 27 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա:

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով ամրագրվում է շահառուների շրջանակը. դրանք այն զինծառայողներն են, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողությունների մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով:

Օրենքի համաձայն` զինծառայողներ են համարվում ՀՀ զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները: ՊՊԾ-ն եւս դասվում է այլ զորքերի շարքին: ՊՊԾ զինծառայողները, պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ ընդգրկվելով զինված ուժերի կազմում, կարող են մասնակցել մարտական գործողությունների, հակառակորդի հետ շփման գծում իրականացնել մարտական հերթապահություն եւ կատարել հատուկ առաջադրանք:

Հատուցման գումարների վճարման կարգի համաձայն` ՀՀ ՊՆ-ն, ՆԳՆ-ն եւ ԱԱԾ-ն պետք է հիմնադրամ ներկայացնեն շահառուների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը:

ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանի խոսքով մինչեւ ԱԱԾ-ից առանձնացումն օրենքի դրույթները տարածվում էին նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա, եւ հատուցման անհրաժեշտություն առաջանալու դեպքում վերոնշյալ տեղեկատվությունը հիմնադրամ պետք է ներկայացվեր ԱԱԾ-ի կողմից: Սակայն հաշվի առնելով, որ ՊՊԾ-ն այլեւս ընդգրկված չէ ԱԱԾ կառուցվածքում եւ հանդիսանում է վարչապետին ենթակա մարմին, օրենքում թվարկված գերատեսչությունների թվում ՊՊԾ բացակայությունը հատուցման անհրաժեշտություն առաջանալու պարագայում կարող է խոչընդոտել շահառուներին հատուցման գումարի վճարմանը, ինչով էլ պայմանավորված է նախագծով առաջարկվող լրացումը:

Զեկուցողի խոսքով նախաձեռնությունը համաձայնեցվել է շահագրգիռ մարմինների հետ եւ հավանության արժանացել Կառավարության` 2024 թվականի օգոստոսի 8-ի նիստում:

ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է երկու առաջարկ, որոնք ընդունվել են:

Հարակից զեկուցող, պատգամավոր Քրիստինե Պողոսյանը կարեւորել է նախաձեռնությունը եւ կոչ արել տալ դրական եզրակացություն:

««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր