00:00:00

Վեհափառը կարգադրել է իշխանությանը սուր քննադատողներին հրավեր չուղարկել

14:47, 27 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Irakanum.am–ն արդեն տեղեկացրել էր, որ մեր  ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ իշխանությունը ունի որոշում մասնակցելու Մայր Տաճարի վերաօծման արարողությանը: Սեպտեմբերի 29–ին, կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները կգնան Մայր Աթոռ։ Միաժամանակ վաղը՝ շաբաթ օրը հրավիրված են մարզպետներ, գործադիր ու օրենսդիր մարմնի այլ ներկայացուցիչներ։

Ուշագրավն այն է, որ որոշ ժամանակ առաջ իշխանության հրաժարականը պահանջող Մայր Աթոռում ավելի շատ մտածում են իշխանականների հարմարավետության համար, քան՝ ընդդիմադիր գործիչների։ Մասնավորապես Irakanum.am–ի աղբյուրների փոխանցմամբ բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ հրավերներ չեն ստացել, որ հանկարծ տոնը  «չփչացնեն»։ Մեր աղբյուրի փոխանցմամբ Կաթողիկոսը մտավախություն է հայտնել, որ որոշ ընդդիմադիր գործիչների ներկայությունը կարող է դուր չգալ իշխանությանը, և բացի այդ ընդդիմադիրները կարող է «ռեպլիկներ» թողնեն և իրավիճակը վերահսկողությունից դուրս գա։

Հրավիրված չեն օրինակ ընդդիմադիր պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Ագնեսա Խամոյանը, Գառնիկ Դանիելյանը, ինչպես նաև նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և այլն։ Իսկզբանե որոշում է եղել չհրավիրել նաև Իշխան Սաղաթելյանին, սակայն Սփյուռքից կապ են հաստատել Կաթողիկոսի հետ ասելով, որ ամոթ է ի վերջո Սաղաթելյանը ՀՅԴ ԳՄ անդամ է և նրան պետք է հրավիրել ու դրանով պայմանավորված հրավեր ուղարկվել է։ Այս կամ այն պաշտոնյային հրավիրելու որոշումը կայացնում է Կաթողիկոսը, խորհրդակցելով Արշակ սրբազանի հետ։

Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը։ «Նույն Մայր Աթոռին կանգնած տարբեր այլ հոգևորականներ ինձ ևս ասել են, որ ընդդիմադիր հատվածից անձանց  հրավիրել– չհավիրելու հարցը քննարկվում է Վեհափառի հետ և նա այն կարծիքին է, որ ով ավելի սուր է քննադատում իշխանությանը, իրենց լեքսիկոնը արմատական է, որպեսզի այդ սուրբ օրով հանկարծ տհաճ միջադեպեր չլինեն»,– ասաց Նաիրա Զոհրաբյանը, հավելելով, որ իրեն համար զարմանալի է, թե ինչու է Կաթողիկոսի մոտ այնպիսի տպավորություն, թե արմատական դիրքերից հանդես եկողները անդաստիարակ են։ «Բացի այդ իշխանությանը բան ասելու համար հեչ պարտադիր չէ նրանց հետ հայտնվել նույն տարածքում»,– ասաց Զոհրաբյանը, հավելելով, որ իրեն համար խիստ զարմանալի ու տարօրինակ է չհրավիրել այն գործիչներին, ովքեր մշտապես հենց նույն իշխանությունից են պաշտպանում եկեղեցին և հրավիրել այն իշխանությանը, որը արգելում էր Վեհափառին մուտք գործել Սարդարապատի հուշահամալիր, կամ եկեղեցին համարում է ընդամենը գինի ու «կոլա» վաճառելու տեղ։ «Երևի սա է արդարությունը»,– եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին, տեղի կունենա  Մյուռոնօրհնության արարողություն Սուրբ Տրդատի բաց խորանում, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին՝ Մայր Տաճարի վերաօծման արարողություն:

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր