00:00:00

Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու վարույթով չորս մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

16:23, 23 սեպտեմբեր 2024 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի՝ չորս մեղադրյալի մասով նախաքննությունը:
 
Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2024 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 13:26-ին, ահազանգեր էին ստացվել այն մասին, որ Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում կրակոց է հնչել:
Ահազանգի կապակցությամբ քննչական-օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր, որտեղ պարզել էր, որ նշված վայրում ծեծկռտուք էր տեղի ունեցել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին արյան հետքեր և կրակված փամփուշտի գնդակ։
 
Հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննիչների և ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համատեղ և համակարգված միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ:
 
Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանցից չորսի ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:
 
Մասնավորապես՝ պարզվել է, որ դեպքի նախորդ օրը՝ մայիսի 2-ին, Ամերիկյան համալսարանի ուսանողներ Հ.Ֆ.-ն և Ռ.Ս.-ն վիճաբանել են միմյանց հետ, որից հետո՝ մայիսի 3-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, վերջինս մի խումբ անձանց և հոր, իսկ Հ.Ֆ.-ն եղբոր հետ, պարզաբանումներ կատարելու նպատակով, ժամանել են Ամերիկյան համալսարանի մոտ գտնվող արագ սննդի կետի դիմաց, որտեղ կրկին վիճաբանություն է սկսվել կողմերի միջև:
 
Այդ ընթացքում, հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, տվյալ տարածքում գտնվող քաղաքացիների, համալսարանի ուսանողների և աշխատակիցների, հարակից տարածքում գործող սրճարանների աշխատակիցների անդորրը խախտելով, վիճաբանող կողմերը հնչեցրել են հայհոյանքներ, հարվածներ հասցրել միմյանց, ինչի ընթացքում Ռ.Ս.-ի հայրն իր մոտ գտնվող «WALTTHER P38» մոդելի հրազենի կոթով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ անձի գլխի հատվածին, ինչից հետո նաև արձակել է մեկ կրակոց:
 
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեկ անձի՝ Ռ.Ս.-ի հորը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, երեք անձի՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
 
Մեկ անձի նկատմամբ ընտրվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք, երկու անձի նկատմամբ՝ գրավ և բացակայելու արգելք, մեկ անձի նկատմամբ՝ բացակայելու արգելք։
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
 
Միջադեպին մասնակից մյուս անձանց, այդ թվում՝ վնասվածք ստացած անձի մասով նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր