Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվեր նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգից։ Չնայած նախընտրական շրջանում նրա բացահայտ շանտաժին՝ ժողովուրդը նրան նման մանդատ չտվեց. ՔՊ-ն չստացավ սահմանադրական մեծամասնություն։
Փաշինյանը պարտավոր էր հմուտ դիվանագիտության միջոցով հասնել նրան, որ Բաքվի հայտնի պահանջը չխոչընդոտի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Առավել ևս, որ Հայաստանի Սահմանադրությունը խաղաղության պայմանագրի ստորագրման իրական իրավական խոչընդոտ չէ։
Սակայն Փաշինյանն ընտրել է այլ ճանապարհ՝ արտաքին ճնշումը ներքաղաքական շանտաժի վերածելու մարտավարություն, գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում։
Ընդ որում՝ անկախ հանրաքվեի արդյունքից։
Եթե Հայաստանի Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով, ապա ստեղծվում է վտանգավոր նախադեպ, որի միջոցով Բաքուն կարողանում է կառավարել մեր ներքին կյանքը։ Ընդ որում, որևէ երաշխիք չկա, որ այս զիջմանը չեն հաջորդի Բաքվի նոր պահանջները։ Նման երաշխիք չեն կարողանում տալ անգամ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը:
Ոչ պակաս վտանգավոր է հանրաքվեի բացասական արդյունքը։ Այդ դեպքում Ալիևը հնարավորություն կստանա այն ներկայացնելու որպես Հայաստանի կողմից խաղաղության գործընթացի տապալում՝ այս փաստն օգտագործելով իբրև նոր սպառնալիքների կամ ռազմական էսկալացիայի պատրվակ։
Այսպիսով, Փաշինյանը Հայաստանին կանգնեցնում է կեղծ երկընտրանքի առաջ՝ կա՛մ ընդունել Ադրբեջանի պահանջները, կա՛մ պատասխանատվություն կրել խաղաղության հնարավոր ձախողման համար։
Հետևաբար, որևէ կերպ չպետք է տրվել Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեի օրակարգին։ Ընդդիմությունն ու հասարակությունը պետք է սահմանադրական և ժողովրդավարական բոլոր հասանելի միջոցներով կանխեն այդ հանրաքվեի անցկացումը։
Հ.գ- Հաջորդիվ կանդրադառնամ այն կոնկրետ քայլերին, որոնք ընդդիմությունը կարող է և պետք է ձեռնարկի՝ հանրաքվեի օրակարգը կանխելու, արտաքին ճնշումը ներքաղաքական շանտաժի վերածելը խափանելու և այլընտրանքային քաղաքական ուղի ձևավորելու համար»,-գրել է Սուրենյանցը։