«Ես ակնկալում եմ, որ մենք առաջին հերթին դադարենք Հայաստանն ընկալալ որպես ֆորպոստ։ Հայաստանը ֆորպոստ չէ»,- Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որի միակ ֆունկցիան պետք է լինի իր քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելը։
«Ֆորպոստում երջանկությունը նպատակ չէ, ֆորպոստում մաքառումն է նպատակ։
Ուզում եմ Հայաստանը դուրս գա կարեկցանքի օբյեկտ լինելու կարգավիճակից։
Ես արգելել եմ, չգիտեմ ինչքանով են կատարում, որ Հայաստան օգտագործված շորեր, օգտագործված ավտոներ, կիսամաշ պագրիշկա ուղարկեն, կիսամաշ կոշիկ ուղարկեն պետական հիմնարկների, մանկատների համար։ Հայաստանի կառավարությունն ի վիճակի է իր պատասխանատվության ներքո գտնվող հիմնարկների համար մինիմում ապահովել։
Ես հաշտ չեմ, կոնֆլիկտ ունեմ այդ ընկալման հետ»։
Նա նաև նշեց, որ հիմա մի բան է ասելու, որ մինչ այս պահը կիսվել է միայն իր ընտանիքի հետ, մինչև այս պահը նույնիսկ ամենամերձ թիմակիցների հետ այս թեմայով չի խոսել.
«2018-ից ի վեր, որպես վարչապետ, ամենամեծ պրոբլեմը, որը գոյություն է ունեցել, ամենամեծ պրոբլեմը, որ ունեցել ենք, դա եղել է մեր հայրենասիրությունը:
Ընդ որում, ասվածի մեջ հեգնանք ու սարկազմ չկա: Ամենամեծ պորբլեմը, որ մենք ունեցել ենք, որ ես ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրությունն էն ընկալմամբ, որ հայրենասիրության այդ մոդելը մեր հայրենիքի հետ կապ չունի:
Ուղղակի դա կայսերական հայրենասիրության մոդել է, որը գրքերով, ֆիլմերով, տեքստերով, ելույթներով, հերսներով, անուններով, նկարներով, կերպարներով ներմուծվել է մեր սոցիալ հոգեբանություն: Հայրենասիրության այդ մոդելը նրա համար է, որ Հայաստանի պետություն գոյություն չունենա»։