00:00:00

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներին

20:20, 16 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներ Օսկար Թաթոսյանին և Թալին Յակուբյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նշվում է, որ հանրապետության նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներին:

«Մեծապես գնահատում ենք այն աշխատանքը, որ Ամերիկայի հայկական համագումարը կատարել է իր ստեղծման առաջին օրից: Դուք ամենադժվարին ժամանակներին եղել եք Հայաստանի կողքին և հիմա շարունակում եք լինել:

Վստահ եմ, որ հետագայում ևս մեր համագործակցությունը շարունակվելու է, քանի որ մենք միասին շատ գործ ունենք անելու: Բոլորիս նպատակը մեկն է՝ ունենալ հզոր, բարեկեցիկ Հայաստան, և նաև կարողանալ, մեր տեղը պահպանելով, տարածաշրջանում խաղաղություն հաստատել»,-ասել է նախագահ Խաչատուրյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և գնահատանքի խոսքերի համար, Թալին Յակուբյանը նշել է, որ իրենց համար ևս առաջնահերթություն է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում նախագահը հյուրերին է ներկայացրել Հայաստանի ներկայիս անվտանգային մարտահրավերները, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա ընդհանուր իրավիճակը: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկեր երկրների հետ հարաբերություններում և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ:

Հանրապետության նախագահը նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը գնահատելի և կարևոր է ամերիկյան և, ընդհանարապես, միջազգային հանրությանը Հայաստանի, մեր տարածաշրջանի իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ տալու համար:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և հարևան երկրների հետ հարաբերությունների, ինչպես նաև երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի շուրջ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը անմիջական մթնոլորտում պատասխանել է նաև հյուրերի հարցերին՝ անդրադառնալով երկրի ներքաղաքական, տնտեսական և հանրային կյանքի վերաբերյալ տարբեր իրողությունների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր