Ինձ համար շատ հեշտ կլիներ այստեղ վերջակետ դնեի ու ավարտեի, ասեի՝ սրանից հետո ընդհանրապես իմաստ չկա շարունակելու, որ ես այս կինոյի տղան չեմ և ընդհանրապես՝ չկամ: Այս մասին դատական նիստի ընթացքում իր պաշտպանական ճառի ներկայացման ժամանակ հայտարարեց ՍԴ դատավոր, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը:
«Ինձ համար շատ հեշտ կլիներ այստեղ վերջակետ դնեի ու ավարտեի, ասեի՝ սրանից հետո ընդհանրապես իմաստ չկա շարունակելու, որ ես այս կինոյի տղան չեմ և ընդհանրապես՝ չկամ: Ես ստիպված եմ հիմա, ելնելով ստեղծված ոչ ստանդարտ իրավիճակից, անդրադառնալ մեղադրական եզրակացության այս մասերին՝ հիմք ընդունելով այն, որ ինչ գրված է, վերաբերում է նաև ինձ»,- ասաց Թովմասյանը։
Նա շարունակեց՝ գրված է, որ Նորայր Փանոսյանը նոտարներից պահանջել և ստացել է ամսական 830 հազար դրամ ամսավճա․ «Ո՞ր փուլում է սա պահանջել և ստացել: Երբ խոսքը գնում է քաղաքացիաիրավական պայմանագրի մասին, ի՞նչ պահանջի մասին կարող է խոսք լինել: Ամբողջ քրեական գործում ես իրականացնում եմ Փանոսյանի պաշտպանությունը, կարծեք թե: Բովանդակային առումով, ամբողջ քրեական գործում՝ հիմա արդեն այստեղ, մեկ նախադասություն անգամ չկա, որ իրենց պարտադրել է ու հարկադրել է, նման բան գոյություն չունի»։
Խոսելով իր դեմ ցուցմունք տված նոտար Ալվարդ Մելքոնյանի մասին՝ Հրայր Թովմասյանը նշեց․ «Ալվարդ Մելքոնյանն իր որևէ ցուցմունքում չի ասել, որ իրեն սպառնացել են։ Ասում է՝ ինքը վախեցել է։ Այն վորորդի նման, որ մեքենան առանց վարորդական իրավունքի է վարում, ասել է՝ դանդաղ վարեմ, կամ ժպտամ ոստիկանին, կարող է՝ ինձ չկանգնեցնեն։ Հիմա իր վախն իմ հետ ի՞նչ կապ ունի»։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական: