Չնայած Բաքվի պաշտոնական առարկություններին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շարունակում է հայտարարել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին, գրում է Nordic Monitor-ը:
Աղբյուրը գրում է․ «Էրդողանի շարունակական հայտարարությունները զարմանք են առաջացրել, քանի որ ավելի վաղ Բաքուն ձգտում էր ընդգծել հակամարտության ընթացքում իր անկախ ռազմական ներուժը: Թեև Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին պատերազմի ժամանակ լայնորեն հայտնի է, սակայն Անկարայի դերի վրա շարունակվող շեշտադրումը լարվածություն է առաջացրել երկու մերձավոր դաշնակիցների միջև։
Բոլորովին վերջերս՝ օգոստոսի 31-ին, Թուրքիայի ռազմաօդային ուժերի ակադեմիայում դիպլոմների հանձնման արարողության ժամանակ ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը կրկին հիշատակել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի մասին։ Էրդողանի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի պաշտոնաթերթն արձագանքել է նախորդ նմանատիպ հայտարարություններին:
Օգոստոսի 1-ին հրապարակված խմբագրականում ասվում է․ «Ադրբեջանի հաղթանակը ողջ թյուրքական աշխարհի հաղթանակն է, բայց Թուրքիան դրա ճարտարապետը չէ։
Ադրբեջանական խմբագրականը քննադատել է Թուրքիայում վերջերս արված հայտարարությունները՝ Անկարային մեղադրելով 44-օրյա պատերազմի փաստերը խեղաթյուրելու մեջ։ Ադրբեջանական լրատվամիջոցը զգուշացրել է, որ նման արտահայտությունները Հայաստանի օգտին են»։