Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի շնորհավորական ուղերձը Գյումրու օրվա առիթով.
Սիրելի՛ գյումրեցիներ,
Սիրելի՛ գյումրեցիներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի տոնի «Գյումրու օրվա» առիթով։ Այս տարի քաղաքն իր օրը տոնում է «ԻՄ ՍՐՏԻ ՔԱՂԱՔ» խորագրով և, իրապես, մեզանից յուրաքանչյուրի սրտում Գյումրին իր ուրույն տեղն ունի իր յուրօրինակ դիմագծով, պատմությամբ, մշակույթով, բարբառով ու կենցաղով:
Դեռ երեկվանից քաղաքը հյուրընկալում է Հայաստանի և աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հյուրերին. «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը Գյումրի էր բերել հազարավոր մարդկանց: Տոնական բարձր տրամադրությամբ, մշակութային հագեցած միջոցառումներով քաղաքը շարունակում է ընդունել իր հյուրերին արդեն «Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակներում:
Օր-օրի կառուցվող ու շենացող քաղաքը այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին և դա մեզ ավելի մեծ մղումով ստիպում է շարժվել առաջ: Մենք շարունակելու ենք շենացնել ու զարգացնել Գյումրին, մենք շարունակելու ենք ձեռք-ձեռքի տված բարեկարգել, նորոգել, մաքրել ու խնամել, ստեղծել ու ստեղծագործել այս քաղաքում, կյանքի կոչել և պատվով ավարտին հասցնել տասնյակ ծրագրեր: Քաղաքի շենացման գործում խիստ կարևոր է յուրաքանչյուրիս անձնական նվիրումը, սրտացավ ու հոգատար վերաբերմունքը քաղաքի ամեն մի քարին, ամեն մի ծառին ու թփին, ամեն մի անկյանը:
Սիրելի գյումրեցիներ, եվս մեկ անգամ ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Գյումրու օրվա առիթով, թո՛ղ բոլոր գյումրեցիների ընտանիքներում թևածի սերն ու ներդաշնակությունը, անսպառ հումորն ու ժպիտն անպակաս լինի յուրաքանչյուր գյումրեցուց, թո՛ղ խաղաղ լինեն մեր երկրի սահմաններն ու մեր երկինքը:
Շնորհավոր տոնդ, ԻՄ ՍՐՏԻ ՔԱՂԱՔ....