ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը որոշեց ՀՅԴ ԳՄ անդամ, քաղբանտարկյալ Գերասիմ Վարդանյանին պահել անազատության մեջ: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Սոսե Չանդոյանը:
«Տեղեկացնեմ, որ հատուկ վերանայման բողոքը քննվել է գրավոր ընթացակարգով և մերժվել ամբողջությամբ:
Փաստացի դատավոր Հարությունյանի այս որոշումն ապացույցն է այն բանի, որ միջին ծանրության արարքի մեջ մեղադրվող անձի նկատմամբ անգամ հիմնավոր կասկածի բացակայության պարագայում նրան անազատության մեջ պահելը ողջամիտ է, ավելին` կարելի է անգամ խափանման միջոցը չփոխել՝ անտեսելով բողոքում ներկայացված ծանրակշիռ և հիմնավոր բոլոր հակափաստարկները:
Հատկանշական է, որ Գերասիմ Վարդանյանը հերթական անգամ բանտարկվել և շարունակում է անազատության մեջ մնալ մեր երկրում տեղի ունեցող հերթական քաղաքական ակտիվ զարգացումների փուլում, ակնհայտ է, որ սա նրա քաղաքական գործունեությունը կասեցնելու և լռեցնելու հերթական փորձն է։
Ցավում եմ, որ այս ապօրինի գործընթացի մեջ ներգրավված են, դատաիրավական համակարգի մեր որոշ պաշտոնյաներ։
Հ.Գ. Ամեն դեպքում վստահ եմ, որ Գերասիմի նկատմամբ տեղի ունեցող գործողությունները չեն կարող կոտրել նրան, ինչպես ինքն է ասել. «Ինձ կարող են լռեցնել ու հնազանդեցնել միայն Արցախի ու Հայաստանի ազատությամբ»»,- գրել է նա։