ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում զինված միջադեպի առթիվ քննվող քրեական վարությի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող անձանցից մեկը՝ Ս․Ս․–ն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2024 թվականի մարտի 15-ին` ժամը 00:14-ի սահմաններում, Ս.Ս.-ն, իր կողմնակիցների՝ Ս.Ա.-ի և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ, «Nissan Altima» և «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենաներով, Երևան քաղաքի Ֆուչիկի փողոց-Ֆուչիկի 1-ին նրբանցք խաչմերուկում հանդիպել են «Mersedes-Benz 63AMG», «Mersedes-Benz CLS 550» և «VAZ 21703-110-01» մակնիշների ավտոմեքենաներով տվյալ տարածք ժամանած Ա.Ղ.-ի և վերջինիս՝ դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ կողմնակիցների հետ:
Ս.Ս.-ն, ապօրինի կերպով ձեռք բերած հրազենով՝ լիցքավորված փամփուշտներով, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, դեպքի վայրում գտնվող անձանց, դրան հարակից բնակելի շենքերի բնակիչների և պատահական անցորդների կյանքի համար վտանգավոր եղանակով, Ա.Ղ.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ։ Սակայն արձակված կրակոցների հետևանքով Ա.Ղ.-ին պատճառվել է սրունքի հրազենային վիրավորում:
Այնուհետև, շարունակելով զենքի գործադրմամբ խուլիգանական գործողությունները, Ա.Ղ.-ն փորձել է Ս.Ս.-ի ձեռքից վերցնել հրազենը, ինչն ուղեկցվել է անկանոն կրակոցներով:
Այդ ընթացքում վերջիններիս են մոտեցել նաև Ս․Ս․-ի կողմնակից Ս.Ա.-ն, ով ևս եղել է հրազենով զինված, և Ս.Ս.-ի հետ դեպքի վայր ժամանած, դեռևս ինքնությունները չպարզված անձինք, ովքեր, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ձեռքերով, ոտքերով և մահակներով, իսկ Ս.Ա.-ն՝ նաև զենքի կոթով հարվածներ են հասցրել գետնին ընկած Ա.Ղ.-ի մարմնի տարբեր հատվածներին:
Ա.Ղ.-ն ու Ս.Ս.-ն շարունակել են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց, որից հետո նրանց են մոտեցել Ա.Ղ.-ի կողմնակիցները և հարվածներ հասցրել Ս.Ս.-ի մարմնի տարբեր հատվածներին:
Այդ ընթացքում ինքնությունը չպարզված անձը, իր մոտ ապօրինի կրվող մարտական նռնակով զինված, դեպքի վայրում գտնվող բազմաթիվ անձանց, պատահական անցորդների և հարակից բնակելի շենքերի բնակիչների կյանքի համար վտանգավոր եղանակով, քննության տվյալներով, Ս.Ս.-ին սպանելու դիտավորությամբ, նրա ուղղությամբ նետել է նռնակ, սակայն պայթյունի հետևանքով նշված վայրում գտնվող անձին պատճառվել են բեկորային վնասվածքներ:
Նռնակի պայթեցման հետևանքով հավաքված անձինք դիմել են փախուստի, իսկ Ս.Ս.-ի և Ա.Ղ.-ի միջև վիճաբանությունը շարունակվել է արդեն Ֆուչիկի 1 նրբանցքի հատվածում գտնվող ավտոլվացման կետի դիմաց, որտեղ ժամանել են պարեկային ոստիկանության աշխատակիցները։ Ս.Ս.-ն դեպքին մասնակից անձանց հետ դիմել է փախուստի, իսկ հրազենային վիրավորում ստացած Ա.Ղ.-ն դեպքի վայրից տեղափոխվել է հիվանդանոց:
Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ էին հարուցվել Ս.Ս.-ի և Ս․Ա․-ի նկատմամբ, որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել էր կալանավորումը, և հայտարարվել էր հետախուզում:
Նախաքննության ընթացքում հետախուզման մեջ գտնվող Ս․Ս․–ն հայտնաբերվել է։
Վերջինիս ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ, որը բավարարվել է և անձը կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հետախուզման մեջ գտնվող մյուս անձին հայտնաբերելու, միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու, իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: