SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 70-ամյա Մարիետա Տ․-ն և հայտնել, որ բժշկի հանցագործության վերաբերյալ հաղորդում ունի ներկայացնելու և խնդրել ոստիկան մոտենա Մաշտոցի 22 հասցեում գտնվող «Մոր և Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»: Օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գալստյանի գլխավորությամբ։
Արդեն տեղում Մարիետա Տ․-ի որդու կինը, Արմավիրի մարզի բնակիչ 44-ամյա Մարիետա Հ․-ն հայտնել է, որ ապրիլ-մայիս ամիսներին կատարելով համապատասխան վճարումները դիմել է նշված բժշկական կենտրոն՝ արհեստական բեղմնավորման համար, սակայն բեղմնավորման արդյունքները դրական չեն եղել, քանի որ նախքան այդ գործնթացը սկսելը տվյալ բուժհաստատության արտամարմնային բեղմնավորման բաժնի ղեկավար Գեորգի Օկոնի կողմից չի հանձնարարվել և իրականացվել համապատասխան սոնոգրաֆիկ հետազոտություններ, ինչի հետևանքով չի ախտորոշվել իր մոտ առկա խնդիրը և տվյալ բարդությունը չի վերացվել, ինչի արդյունքում իրենց հասցվել է մոտ 2 մլն դրամի վնաս:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարիետա Հ․-ն աշխատում է «Մեծամոր» բժշկական կենտրոնում՝ որպես ավագ բուժքույր։