Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի հրավերով, 2024 թվականի հուլիսի 6-ին այցելել է Արենի համայնքի Խաչիկ բնակավայր և հանդիպել համայնքի շուրջ 30 աշակերտներին:
Հանդիպումը տեղի է ունեցել Խաչիկ բնակավայրում մշակութային կրթության և կրթամշակութային ժամանցի հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված՝ «Արև է ելել» համայնքահեն կրթամշակութային կենտրոնում, որտեղ անվճար հիմունքներով գործում են կավագործության, կարպետագործության, ասեղնագործության և երգի արվեստարաններ։
Գլխավոր դատախազը և մարզպետը շրջայց են կատարել Կենտրոնում, որտեղ մշակութային կառավարիչ Շուշան Հայրապետյանը ներկայացրել է Կենտրոնի գործունեությունը, մշակութային ծրագրերին մասնակցող կրտսեր և ավագ սերնդի ներկայացուցիչների ձեռքի աշխատանքները, Կենտրոնի զարգացմանն ուղղված ծրագրերը:
Հարցուպատասխանի ձևաչափով տեղի ունեցած հանդիպման ընթացքում աշակերտների հարցերն ուղղված են եղել մասնագիտական կողմնորոշման, կոռուպցիայի դեմ պայքարի թեմաներին: Անդրադառնալով կոռուպցիոն երևույթների նկատմամբ Դատախազության անհանդուրժողականությանը՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է. «Կոռուպցիան միայն կաշառքը չէ. կոռուպցիայի դրսևորում է նաև հովանավորչությունը: Կոռուպցիոն հանցագործություններն ուղեկցվում են ֆինանսական տարբեր հանցավոր սխեմաներով, որոնք միտված են ոչ օրինական դրամական միջոցներն օրինականացնելուն: Ի վերջո, կոռուպցիան երևույթ է, որը խլում է ձեզնից. այն դրամական միջոցները, որոնք պետք է ուղղվեին ձեր կրթությանը, ձեր բարեկեցիկ կյանքին, կոռուպցիոն սխեմաներով մասնավորեցվում են: Դատախազության թիվ մեկ պարտականությունն է կանխել այն, իսկ եթե չենք հասցրել՝ ուրեմն պատժել, պատժել շատ խիստ»:
Հարցուպատասխանին հաջորդել է մաստեր կլասը՝ կավագործության դասընթացավար Անի Ղազարյանի կողմից:
Աշակերտներն Աննա Վարդապետյանին հրավիրել են շրջել գյուղում, որի ընթացքում պատմել են իրենց գյուղի պատմությունը: