Որոշ լրատվամիջոցներ էժանագին հայտարարություններ են տարածում՝ իբրև ոստիկանների և Վալերի Կարապետյանի միջև միջադեպը տեղի է ունեցել վերջինիս «լկտի պահվածքի» պատճառով։ Թերևս պարզ է ու հասկանալի նման կեղծ տեղեկություններ տարածելու կամ, որ ավելի ճիշտ է՝ ստորության նպատակը, այնուամենայնիվ, հրապարակավ հայտարարում եմ, որ նշված տեղեկությունն իրականության հետ որևէ առնչություն չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Վալերի Կարապետյանին ճանաչող ամեն ոք գիտի՝ ինչպիսի համեստ ու խոհեմ անձնավորություն է վերջինս, ուստի այդ մասին խոսելն անգամ ավելորդ եմ համարում։ Ինչ վերաբերում է ոստիկանության կողմից ցուցաբերած ապօրինությանն ու որոշ լրատվամիջոցների տարածած զրպարտությանը՝ վստահեցնում եմ, որ դրանք կարժանանան իրավական գնահատականի։
Անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին՝ նշեմ, որ Երևան քաղաքում իրականացվող հատուկ միջոցառումների շրջանակում, ի թիվս ալոց, կանգնեցրել են նաև Վալերի Կարապետյանի ավտոմեքենան, այն առանց դատական ակտի խուզարկել, որից հետո էլ, առանց որևէ հիմքի, տեղափոխել հատուկ պահպանման վայր»,- գրել է Երիցյանը։