«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը, ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, նախնական դատալսումների ընթացքում որոշեց վերացնել և փոխել Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելով վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով վերացնել խափանման միջոց տնային կալանքը և որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։ Փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Սուքոյանը ցուցաբերել է պատշաճ վարքագիծ, ինչպես նաև՝ նախաքննության փուլում արդեն հարցաքննվել են վկաները, առերեսումներ են եղել։
Հանրային մեղադրողը ևս միջնորդեց փոխել խափանման միջոց տնային կալանքը՝ նշելով, որ վարչական հսկողությունը՝ սահմանափակումներով և բացակայելու արգելքը բավարար է պատշաճ վարքագծի ապահովման համար։ Մեղադրողի դիրքորոշմանը միացավ նաև լրագրող Դավիթ Լևոնյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։