00:00:00

Դուք ոչ թե հավասար, այլ առավել եք բոլորիցս. Աննա Հակոբյանը՝ պատերազմի մասնակիցներին

12:50, 25 հունիս 2024 Հասարակություն

Հունիսի 24-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն Արմավիրի զարգացման կենտրոնում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի Արմավիրի մարզի 20 շահառուներին հանձնել է բիզնեսի կառավարման դասընթացի մասնակցության հավաստագրեր: 3 շահառու էլ մասնակցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացի և ստացել համակագիչներ՝ իրենց նոր մասնագիտությամբ աշխատելու համար:

 

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը զրուցել է բոլոր շահառուների հետ, ծանոթացել բոլորի բիզնես պլաններին, շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակցելու համար և հաջողություն մաղթել բոլորին՝ իրենց նորաստեղծ բիզնեսում:

«Շնորհակալ եմ, որ արձագանքել եք, քանի որ այս ծրագիրը հնարավոր չէր լինի իրականացնել, եթե չլիներ ձեր բոլորի արձագանքը, մասնակցության ցանկությունը, աշխատասիրությունը: Կարևոր է, որ ձեր փորձը վարակիչ լինի պատերազմին մասնակցած ու հաշմանդամություն ստացած մեր բոլոր տղաների համար և հատկապես նրանց համար, որոնք կոտրվել են և մտածում են, որ կյանքն ավարտվել է կամ իրենք շանս չունեն կամ հավասար չեն մյուսներին: Հակառակը, ես կարծում եմ, որ դուք ոչ թե հավասար, այլ առավել եք բոլորիցս: Այս ծրագրին մասնակցելով դուք ոչ միայն ձեզ ու ձեր ընտանիքի համար եք օգտակար բան անում, այլ նաև շատ մեծ ու հանրային կարևորություն ունեցող գործ եք անում, և դրա համար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում»,- հավաստագրերը հանձնելուց հետո նշել է Աննա Հակոբյանը:

 

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը Շիրակի մարզում բարեհաջող ավարտելուց հետո «Իմ քայլը» հիմնադրամը ծրագրի երկրորդ փուլն անցկացրել է Արմավիրի և Լոռու մարզերում, որտեղ ևս ծրագիրը բարեհաջող իրականացվել է. հավաստագրերի հանձնումը ծրագրի այս փուլի վերջին գործընթացն է:

 

«Ծրագրի նպատակն է մարզերում ապրող և վիրավորում ստացած պատերազմի մասնակիցներին վերադարձնել բնականոն կյանք՝ աշխատանքի միջոցով: Ծրագիրը մեկնարկում է մասնագիտական կողմնորոշման ամառային ճամբարով, որտեղ շահառուների համար մշակվում է անհատական զարգացման պլաններ, որոնք էլ հիմք ընդունելով նրանց համար կազմակերպվում է մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, ինչպիսիք են ՏՏ-ն, օտար լեզուներ, հաշվապահություն և այլն: Մասնակիցների մի մասը մասնակցում են բիզնես պլանավորման ու կառավարման դասընթացների, ինչից հետո մշակում են անհատական բիզնես պլաններ: Հիմնադրամը հենց այդ ժամանակ իր գործընկերների հետ աշխատում է ֆոնդհայթայթման ուղղությամբ և կյանքի է կոչում բիզնես պլանները»,- մանրամասնել է «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը:

 

Կարո Համբարձումյանը ծրագրի շահառուներից է, մասնակցել է թե մասնագիտական վերապատրաստման և թե բիզնես կառավարման դասընթացներին: Ծրագրի առաջին կոմպոնենտով սովորում է ոսկերչական 3D մոդելավորում, իսկ արդեն բիզնես կառավարման դասընթացի ավարտին ներկայացրել է անփուշ մոշի ջերմոցի հիմնման բիզնես ծրագիր, որը հիմնադրամի կողմից հաստատվել է:

 

«Այս ծրագրի կարևորությունը բառերով նկարագրելն այնքան էլ հեշտ չէ, բառերը շատ քիչ են: Երբ ունես տարբեր խնդիրներ՝ առողջական, տեղաշարժվելու, սա մի մեծ մոտիվացիա է, որ կարողանաս զգալ, որ դու միայնակ չես: Եվ երբ մտածում ես՝ գուցե մի բան չստացվի, այս ծրագիրն օգնում է դուրս գալ այդ վիճակից: Արդեն հարցին նայում ենք ոչ թե տխրությամբ, որ խնդիր կա և չենք կարողանում լուծել, այլ նայում ենք ժպիտով, որ սա էլ կանցնի: Փառք Աստծո, որ կան նման ծրագրեր, որ օգնում են մեզ չզգալ այն դժվարությունները, որ մենք ունենք», – պատմել է ծրագրի շահառու Կարո Համբարձումյանը:

 

Հայկ Նալբանդյանն էլ որոշել է ծրագրի օգնությամբ ընդլայնել չրագործության իր բիզնեսը: Չրագործական մեկ սարքավորում ուներ, հիմնադրամը տրամադրել է երկրորդը, Հայկն էլ որոշել է արդեն այս տարվանից ակտիվ զբաղվել չրագործությամբ: Մասնակցել է նաև օտար լեզուների և ՍՄՄ վերապատրաստման դասընթացներին:

 

«Պատերազմից հետո մարդկանց կյանքը փոխվում է՝ առաջ և հետո: Նման ծրագրերը միայն օգնում են, քանի որ ժամանակ է պետք վերականգնվելու համար, դժվար է նաև աշխատանք գտնելը, իսկ այս ծրագիրը շատ օգնում է մեզ աշխատանք գտնելու, նոր մասնագիտություն ստանալու, նոր ուղիներ գտնելու հարցում», – նշել է ծրագրի շահառու Հայկ Նալբանդյանը:

«Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրով Լոռու և Արմավիրի մարզերում ֆինանսավորվելու է 27 բիզնես պլան: Արմավիրից հետո հիմնադրամը հավաստագրեր կբաժանի նաև Լոռու մարզի շահառուներին, ինչից հետո կմեկնարկի ծրագրի երրորդ փուլը՝ Կոտայքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր