Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի գրասենյակի ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆրանսուազ Ժակոբին: Հայտնում են նախագահի աշխատակազմից: Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:
«Անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետությունն ու Միավորված ազգերի կազմակերպության համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ: Վստահ եմ նաև, որ ներկայումս ՄԱԿ-ի հետ իրականացվող բազմաթիվ համատեղ ծրագրերի համար Ձեր նշանակումը նոր խթան կհանդիսանա»,- նշել է Հանրապետության նախագահը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորական խոսքերի համար, Ֆրանսուազ Ժակոբին նշել է, որ ուրախ է Հայաստանում գտնվելու համար և իր ջանքերը կներդնի Հայաստանի և ՄԱԿ-ի միջև բազմոլորտ համագործակցության զարգացման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի, Կանաչ էներգետիկայի, տնտեսության, գյուղատնտեսության, մարդկային կապիտալի զարգացման և այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի աջակցությամբ համատեղ իրականացվող մի շարք նախաձեռնությունների և ծրագրերի շուրջ երկկողմ անելիքներին:
Հանրապետության նախագահն իր խոսքում բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից կյանքի կոչված սոցիալական տարբեր ծրագրերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող մարդասիրական աջակցությունը: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի որդեգրած հիմնարար ուղղություններին՝ կրթության, այլընտրանքային էներգետիկայի, Կանաչ տնտեսության զարգացման, ինչպես նաև բնապահպանության ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է իր պատրաստակամությունը՝ հնարավորությունների սահմաններում իր աջակցությունը ցուցաբերել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությանը: