00:00:00

Հրահրողներն էլ եք դուք, պատերազմը կառավարելու անկարողն էլ եք դուք, պայմանավորվողն էլ եք դուք. Բագրատ Սրբազան

19:00, 09 մայիս 2024 Քաղաքականություն

Եթե բռունցքվեն, նպատակ սահմաննեն եւ այդ նպատակով գործեն, ոչ մի բան չեն կարող փոխել իրենց կյանքը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Առաջին հաղթանակն ենք գրանցել: Առանց խոչընդոտի ուզում էին սահմանագծման քարերը դնել: Լուրը ստացանք երեկ, որ վերջին երեք քարերը չեն դրել, կասեցվել է, կամ դադարեցվել է այդ գործընթացը ի շնորհիվ ժողովրդի պայքարի: Այդպես լինելու է բոլոր հանգրվաններում:

Մենք եկել ենք մի պահանջով, եկել էինք պատասխան պահանջելու Հայաստանի կառավարության ղեկավարից, որ շարունակաբար այցելել է մեր համայնքներ, դժբախտաբար ստել, խաբել, մոլորեցրել եւ հետո սպառնացել ու ահաբեկել ժողովրդին: Եկել էինք պատասխանը պահանջելու այդ սպառնալիքների, մեր էն փոքրիկ Հոգարիկի արցունքների: Պահանջելու այդ պատասխանը եւ ժամանակ տալու դադարեցնելու այս միակողմանի, ապօրինի, հակասահմանադրական, հակամարդկային, հակաբարոյական  գործընթացը:

Մենք դեմ չենք եղել ոչ խաղաղությանը, ոչ սահմանաատմանը, բայց այն, ինչ տեղի է ունենում այս միջոցով, միակողմանի, ծնկած զիջելով, անընդունելի էր մեր համար: Շատ հստակ եմ ուզում ասել, որ բոլոր տեսակի մանիպուլացիաներից հրաժարվենք: Մեզ համար այս գործընթացը երկու երես ունի՝ իրավական եւ բարոյական: Աշխարհում չկա նախադեպը ուժի սպառնալիքի ներքո զիջել եւ երաշխիք չտալ, որ պատերազմ չի լինի: Անընդհատ սպառնում է, որ պատերազմ կլինի: Մենք չենք պատերազմի հրձիգները, պատերազմ հրահրողներն էլ եք դուք, պատերազմը կառավարելու անկարողն էլ եք դուք եւ այսպես շարունակ, պայմանավորվողն էլ եք դուք»,- հայտարարեց Սրբազանը՝ հավելելով, որ իրենք պատվով խաղաղություն են ուզում:

Նա նկատեց, որ 2021-ին իշխող ուժը ժողովրդին խոստումներ է տվել իր ծրագրերում որտեղ ոչ մի խոսք չկա այսպիսի սահմանազատման վերաբերյալ. «Դեռ խոստում կար ձեռք կտրելու, բայց մարդկանց այս վիճակին չմատնելու: Ընդամենը երկու ամիս առաջ գալ ու ասել, որ եթե չհամաձայեք, պատերազմ կլինի, ահաբեկել այն ժողովրդին, որի քվեն մուրացել ու ստացել ես եւ դարձել ես ահաբեկիչ: Սա էլ բարոյական կողմը:

Մեր այս շարժումը մենք որակել ենք «չակնկալիքների պայքար», որեւէ նյութական ակնկալիք չկա այս շարժման մեջ, կա միայն մեկ գաղափար՝ հայրենիք եւ պատիվ: Այն երկու արժեքը, որ մեզնից գողացել է սեփական կառավարությունը: Երկրորդ, մենք համոզված ենք ճշմարտության հաղթանակի մեջ: Սուտը մեր երկրում պետք է վերանա, ճշմարտությունը պետք է հաղթանակի ձեր միջոցով: Երրորդ, մենք եկել ենք լայն հասարակական հաշտության մտքով, թշնամությունը, ատելությունը, քաոսը… մարդիկ չեն վստահում իրար, ամեն տեղ է պառակտումը: Այս թշնամությունը ստի հետ քանդել է մեր տունը: Ատելությունը դեարձել է ընդհանրական մշակույթ, մարդիկ զրկվել են մարդ լինելու կերպարցի, հանդես են գալիս որպես պրոֆիլներ, որպես կեղծ երեւույթներ:

Այո, մենք հաշտության օրակարգ ունենք եւ պետք է իրականություն դարձնենք: Մենք իրար սիրելով, իրար ներելով ենք մեծանալու, շատանալու, առատանալու»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Նա նկատեց, որ այսօր նայում են զոհվածների շիրիմներին ու ամաչում. «Մեր կոչումն է այդ տղաներին հայրենիք վերադարձնել, այն երազն ու հայրենիքը, որ  իրենք ունեին իրենց մտքում: Մեր իղձերը, տեսլիքները ավելի մեծ են, քան մեր կյանքի օրերը, մենք մեր իղձերի, երզների հետեւից պետք է գնանք:

Մեզ ասում էին՝ ժողովուրդը անտարբեր է, մեռած է, հայրենիք չունի, անզոր է, թույլ, տկա ու վախկոտ է: Ձեզ էին ասում ժողովուրդ ջան: Ահավասիք, փաստում եք, թե ինչպիսին եք դուք: Մենք պետք է հրաժարվենք նաեւ հպարտությունից, հպարտության մեղքից»,- ընդգծեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր