Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին ոստիկանությունը վարչական կարգով բերման է ենթարկել «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ Թբիլիսիում տեղի ունեցած ցույցի ժամանակ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով։
Նրանք ընդգծել են, որ Պետրիաշվիլին վարչական կալանքի է ենթարկվել ոստիկանությանը չենթարկվելու և մանր խուլիգանության համար։
Մինչ այս հայտնի էր դարձել, որ վրացական ոստիկանությունը Թբիլիսիի կենտրոնում արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ։
Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, խորհրդարանի դիմաց հայտնվել են հատուկ ջոկատայիններ՝ սաղավարտներով, հակագազերով և վահաններով։ Դիտարկվել է նաև հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ։
Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է հատուկ միջոցների կիրառումը և ցուցարարներին կոչ է արել չխախտել հասարակական կարգը և ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։