00:00:00

Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»

18:29, 19 ապրիլ 2024 Քաղաքականություն

Հայկական և ադրբեջանական կողմերի միջև նախնական համաձայնեցվել են Տավուշում  սահմանագծի առանձին հատվածները, այսօր հայտարարեցին ՀՀ ԱԳՆ-ն ու ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Ներկայացվեց նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով տարածված համատեղ մամլո հաղորդագրությունը։   

ՀՀ վարչապետի աշխատակազմից հավաստիացնում են, թե  գործընթացի արդյունքում հայաստանյան «ոչ մի գյուղ չի զրկվելու ճանապարհից»:

«Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագծի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ և կիրականացվի մի քանի ամսում: Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջեւան ճանապարհը: Նկատի ունենք՝  Կիրանցն ունի նաև այլընտրանքային ճանապարհ, և գործնականում էական խնդիրներ չկան»,- ասել են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հարցին՝ իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի՞ ունենում, կրկին բացասական են պատասխանել,

«Այս փուլում նման խնդիր առաջացնելու պոտենցիալ ունեցող հատվածները չեն սահմանազատվում»:

Սահմանազատման այս գործընթացի արդյունքում մի շարք հատվածներում Ադրբեջանը ընդհուպ մոտենալու է Կիրանց, Ոսկեպար գյուղերին: Ինչպե՞ս է ապահովվելու այդ գյուղերի անվտանգությունը հարցին ի պատասխան՝ նշվել է․

«Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է այդ գյուղերին, և նրանք գտնվում են ուղիղ նշանառության տակ: Այո, այս գործընթացի արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց եւ Ոսկեպար գյուղերին, բայց նրանց և մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման: Սա առանցքային գործոն է, և չմոռանանք նաև, որ սահմանի պահպանությունն իրականացնելու են Հայաստանի Հանրապետության սահմանապահները: Բայցի այդ, անվտանգության ապահովման բազմաթիվ մանրամասներ կան, որոնք նույնպես առաջիկա շրջանում քննարկման և դետալացման կարժանանան»:

ՀՀ վարչապետի աշխատակազմից նշել են նաև, թե գործընթացով Ադրբեջանը «երկուսուկես գյուղ է ստանալու»։

«Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված եւ անվտանգային ռիսկերի նվազեցում: Այսօրվա իրադարձությամբ առաջին անգամ ունենում ենք սահմանազատված սահման Ադրբեջանի հետ, ինչը կարելի է որակել որպես նշանակալի իրադարձություն: Հայաստանի Հանրապետությունը նաև ստանում է գործուն հարթակ և  հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ եւ լեգիտիմ ընթացքով  և իրականացնել այն՝ ապահովելով բնակչության անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական անհրաժեշտ երաշխիքները»,- ասել են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ ի պատասխան հարցի, թե ի՞նչ է ստանալու Հայաստանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր