Նկարչուհի Զարուհի Մուրադյանը մանրամասներ է ներկայացրել Կոնսերվատորիայի ․հավանական փակման վերաբերյալ այսօր տեղի ունեցած ժողովից․
«Ուզում եմ մի քանի բառով անդրադառնալ այսօրվա Կոնսերվատորիայի ժողովին: Ցավոք, կես ժամ ուշացա, բայց ելույթները շատ էին։ Կրքոտ և ջղային ելույթներ կային, և պատմական և ստեղծագործական ելևեջներով: Մի քանի ելույթ քաղաքական բնույթ ունեին, սակայն ռեկտորը փորձեց կանխել՝ ասելով որ այս հավաքը քաղաքական չէ: Բարեբախտաբար, նրան հիշեցրեցին, որ հենց ինքը այս շենքում քաղաքական պահանջով նստացույց է արել: Խոսվեց բարձր վճարների, ցածր աշխատավարձերի և Կոնսերվատորիան կենտրոնից հանելու դեպքում անհարմարությունների մասին: ԿԳՄՍՆ-ից եկած սուբյեկտը ոչ մի ուղիղ հարցի չէր պատասխանում, պարբերաբար օգտագործում էր «կլաստեր» անհայտ բառը և, ի զարմանս ինձ, խոսում էր «ձեզի», «ինձի», «քեզի» բառապաշարով:
Քանի որԳեղարվեստի Ակադեմիայի գլխին նույնպես այս վտանգը կախված է, ես ինձ թույլ տվեցի ելույթ ունենալ և ասել․ «Սիրելի՛ ուսանողներ, ձեզ սխալ են ասում, սա քաղաքական հարց է, նախարարության մանր-մունր չինովնիկներին ուղարկում են ձեր «գոլորշին բաց թողնելու համար», սա համակարգված հիբրիդային պատերազմի մաս է մեր մտավոր և հոգևոր պոտենցիալը ոչնչացնելու համար և, ի վերջո, երկիրը քանդելու»: Կարծես շատերը հասկանում են դա:
Եվ վերջում. սրանք` իշխանությունները, այնքան ապիկար են, որ ոչ մի բան ի վիճակի չեն կառուցել: Ա՛յ, քանդելը լավ է ստացվում: Տեսնենք՝ դեպքերը ոնց կզարգանան, երանի շատերի կասկածը, որ մեզ զբաղեցնում են «անկլավ » կոչված դավաճանությունը իրագործելու համար, ճիշտ չլինի»,- սոցցանցի իր էջում գրել է արվեստագետը: