Անկարան և Վաշինգտոնը պարտավորվել են համատեղ աշխատել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրին հասնելու համար։ Այս մասին ասվում է Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի նստաշրջանն ամփոփող հայտարարության մեջ։
«Նախարար Ֆիդանը և պետքարտուղար Բլինքենը հանձնառու են աշխատել միասին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար և պայմանավորվել են, որ նման համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարգավաճմանը», - ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
2022 թվականին Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։ 2023 թվականի մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը խորհրդային սահմաններում, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասին։