Նեպալի կառավարության որոշմամբ՝ Էվերեստի գագաթ բարձրացող լեռնագնացներն այսուհետև պետք է պարտադիր կրեն հատուկ չիպեր, որոնց շնորհիվ փրկարարական աշխատանքներն ավելի արդյունավետ կդառնան։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել է երկրի զբոսաշրջության ծառայության ղեկավար Ռակեշ Գուրունգը։
«Այդ չիպերը կօգնեն հեշտացնել փրկարարական աշխատանքները։ Նեպալի բազմաթիվ տուրիստական գործակալություններ մինչ այս լեռնագնացներին առաջարկում էին կրել չիպեր, սակայն դա պարտադիր նորմ չէր։ Այս սեզոնից սկսած՝ չիպեր կրելը պարտադիր է դառնալու Էվերեստի գագաթ բարձրացող բոլոր լեռնագնացների համար»,- ասել է նա։
Հետագայում նախատեսվում է այս կանոնը պարտադիր դարձնել նաև այլ բարձր գագաթներ նվաճելու ցանկություն ունեցող լեռնագնացների համար։ Ըստ հիմնավորման՝ չիպերի շնորհիվ մոլորված կամ ձնածածկույթի տակ մնացած լեռնագնացներին հնարավոր կլինի ավելի արագ հայտնաբերել, փրկարարական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնել, ավելի հեշտ հայտնաբերել նաև զոհված ալպինիստների մարմինները լեռներում։
Չիպերը, որոնք կտրամադրվեն լեռնագնացներին, ունակ են ընդունել հաղորդիչի ազդանշանն ու վերադարձնել այն աղբյուրին, դրանց քաշն ընդամենը մի քանի գրամ է, չիպերը կարող են ամրացվել նաև լեռնագնացի հանդերձանքին։