Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանի հրավերով, 2024 թվականի մարտի 8-ին հանդիպել է Դպրոցի ուսանողներին և երկխոսության ձևաչափով քննարկել օրենքի գերակայության գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու մարտահրավերներն ու հաջողության պատմությունները: Այս մասին հայտնում են դատախազությունից։
Գլխավոր դատախազը պատմել է ղեկավարման իր փորձառության մասին, անդրադարձել կառավարման ոլորտում ռազմավարական պլանավորման՝ իր կողմից կիրառված ուղղություններին՝ առանձնացնելով թափանցիկությունը, արդարությունը, հաշվետվողականությունը և հետևողականությունը:
Դատախազության կադրային առողջացման ոլորտում իրականացվող քաղաքականության մասին խոսելիս՝ Աննա Վարդապետյանը կարևորել է անաչառությունը, հովանավորչության բացառումը, տաղանդավոր մարդկանց գաղափարի շուրջ համախմբելու կարողությունը, տարիներ շարունակ դատախազության որակյալ աշխատանքի հիմնասյուն հանդիսացած բարեվարք անձանց առաջխաղացման հնարավորություն տալը:
Այս համատեքստում գլխավոր դատախազն անդրադարձել է գործող դատախազների և դատախազների թեկնածուների բարեվարքության ստուգմանը, ընդգծել դրա կենսական կարևորությունը՝ հաշվի առնելով, որ Դատախազությունը Սահմանադրությամբ լիազորված այն մարմինն է, որը պետական (համայնքային) շահի պաշտպանության, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց է ներկայացնում դատարան:
Ի պատասխան ուսանողներից մեկի հարցին՝ ինչպե՞ս անել, որ ունենանք օրինապահ քաղաքացիներ, արդյո՞ք չպետք է սկսենք դպրոցական կրթությունից՝ Աննա Վարդապետյանը պատասխանել է. «Օրինապահ վարքագծի վերաբերյալ զրույցները կարևոր են, սակայն, եթե մենք ցանկանում ենք, որ դպրոցահասակ երեխան օրինապահ վարքագիծ դրսևորի, նա պետք է այդ վարքագիծը կրող հերոս ունենա: Հերոսը ոչ թե անձ է, կուռք, այլ վարքագծային մոդել: Մենք ձգտում ենք, որ դպրոցներ այցելող դատախազները լինեն այդ վարքագծային մոդելի կրողները: Մենք ձգտում ենք, որ մեր երեխաների գիտակցության մեջ ձևավորվող հերոսի կերպարը լինի և՛ ուժեղ, և՛ արդար, և՛ օրինապահ, և՛ բարի»:
Հանրապետության գլխավոր դատախազը հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձել է ուսանողներին հետաքրքրող այլ հարցերի: