Հայաստանն իր հրետանային կարողությունները հզորացնելու նպատակով 155 միլիոն դոլար արժողությամբ 155 մմ տրամաչափի 84 միավոր «ATAGS» առաջադեմ հրետանային համակարգ ձեռք կբերի Հնդկաստանից։ Այդ մասին գրում է հնդկական պարբերականը։
TAGS-ի հրաձգության հեռահարությունը 48 կմ է: Այն կատարյալ հարմարեցված է Հայաստանի պայմաններին։ 2023 թվականին Հայաստանը ձեռք է բերել 6 միավոր TAGS և հնդկական ընկերությունների հետ կնքել է ևս մի քանի պայմանագիր՝ MArG 155 ինքնագնաց հաուբիցների և Akash ՀՕՊ համակարգի գնման շուրջ։
Պարբերականը նշում է, որ Հայաստանի կողմից ATAGS-ի ձեռքբերումը տեղի է ունենում տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին․ «Երկիրը ձգտում է արդիականացնել իր զինված ուժերը՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից անվտանգային մարտահրավերների։ Այս գործարքը ոչ միայն կարևոր է Հնդկաստանի և Հայաստանի պաշտպանական հարաբերություններում, այլև ցույց է տալիս Հնդկաստանի՝ որպես միջազգային պաշտպանական շուկայում առանցքային դերակատարի նշանակությունը»։