Հերթական անգամ ցավով ականատեսը եղանք ադրբեջանցիների կողմից Արցախի մեր սրբավայրերից մեկի պղծման որողրմելի դեպքին, երբ դիմակավոր անձը հեգնական կեցվածքով նստել էր Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու խորանին տեղադրված գահի վրա: Այս մասին հայտարարություն է տարածել Հայ եկեղեցու Արցախի թեմը:
«Անկեղծ ասած՝ մեզ համար նորություն չէ եւ սպասելի էր նման վերաբերմունք, որովհետեւ նրանք երբեք էլ չեն թաքցրել իրենց ատելությունը մեր սրբավայրերի, հոգեւոր-մշակութային կոթողների հանդեպ եւ հարմար առիթի դեպքում հագեցում են տվել իրենց ներսում խնամքով պահվող քոչվոր-թալանչու էությանը:
Մեզ համար առավել ցավալի է այդ ամենի հանդեպ մեր անզոր վիճակը, երբ բացի խոսքային մակարդակում մեր զայրույթը պարպելուց, որեւէ այլ տարբերակով չենք կարողանում արձագանքել կամ կանխել նման վանդալիզմի դեպքերը: Այս ամենը վիրավորական է մեր Եկեղեցու համար, ամեն մի հայի համար, եւ ի պաշտոնե հայի արժանապատվության երաշխավորի՝ մեր պետության համար:
Հուսով ենք, որ պատկան մարմինների կողմից կարվեն համապատասխան հետեւություններ եւ անհրաժեշտ քայլեր՝ Արցախի հին ու նոր սրբավայրերի, մշակութային ժառանգության պատշաճ պահպանության համար: Եթե մենք չենք հասկանում մեր իրական արժեքը, ոչ մեկն էլ չի հասկանա ու չի հարգի մեզ:
Ադրբեջանը շարունակում է իր ավերիչ քաղաքականությունը` վանդալիզմի ենթարկելով օկուպացված Արցախի վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, շենք ու շինությունները»,- ասված է հայտարարության մեջ: