00:00:00

Արտագաղթող արցախցիների թիվը մեծանալու է, եթե մեր առաջարկները հաշվի չառնվեն․ Բեգլարյան

13:34, 06 մարտ 2024 Լեռնային Ղարաբաղ

Բռնի տեղահանված արցախցիների աջակցությանն ուղղված միջազգային գումարների վերաբերյալ գլխավոր խնդիրը ներառականությունն ու թափանցիկությունն է՝ ոչ միայն տեղական կառավարության, այլ նաև միջազգային ներկայացուցիչների կողմից. հրավիրված ասուլիսին հայտարարեց «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։

 

Ըստ նրա՝ Արցախի ժողովրդի ներկայացուցիչները՝ և՛ պաշտոնական, և՛ քաղաքացիական շրջանակի, ներգրավված չեն կարիքների հստակեցման, որոշումների կայացման, հաշվետվողականության ապահովման շղթայում։

 

«Մենք տեղյակ չենք՝ ինչ գումար է գալիս, ուր է գնում, ինչպես է ծախսվում։ Ես կցկտուր որոշ տեղեկություններ կարողացել եմ ստանալ տարբեր կազմակերպություններից, առաջիկայում փորձելու եմ մանրամասներ ստանալ և վերլուծել, բայց պարզ ասեմ՝ շատ դեպքերում այդ գումարների բարձր տոկոսն ադմինիստրատիվ ծախսերի վրա է գնում»,-ասաց նա։

 

Բեգլարյանի խոսքով՝ մեկ այլ խնդիր կա, որ այդ գումարները բաժանվում են որպես դրամաշնորհ կա՛մ օտարերկրյա խոշոր կազմակերպություններին, որոնք մշտապես սպասարկել են իրենց ծրագրերը, կա՛մ էլ ՀՀ խոշոր կազմակերպություններին, իսկ արցախյան կազմակերպությունները ներգրավված չեն և բացառված են այդ ամբողջ շղթայից, այն դեպքում, երբ կապ ունեցողը հենց արցախյան կազմակերպություներն են։

 

Բացի այդ, նա հաստատեց, որ շահառուների կրճատում է եղել և ցանկացած առիթ օգտագործում են, որ տվյալ անձը շահառու չդառնա։

 

Թե քանի արցախցի է լքել Հայաստանը՝ իրենք էլ կոնկրետ չգիտեն․ շուրջ 30 000 թիվ է շրջանառվում։

 

«Շատ դժվար է գնահատել դա, միայն իշխանությունները կարող են ասել, բայց մեր սոցիալական կապերը հաշվի առնելով և ստացված տեղեկություններով՝ այդ թիվը բավական մեծ է, և աճի միտումը ևս մեծ է։ «Հատկապես նման սոցիալական և բնակարանային ծրագրերի դեպքում մտավախություն ունենք, որ գարնանն արտագաղթի ճանապարհը բռնող արցախցիների թիվը մեծանալու է, եթե մեր առաջարկները հաշվի չառնվեն»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր