Արցախցիների բնակարանային կարիքների բավարարման կառավարության ծրագրի վերաբերյալ քննարկումները բավարար ներառական չեն եղել և հաշվի չեն առնվել Արցախի ներկայացուցիչների կարծիքները. ասուլիսին հայտարարեց «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։
Նա նշեց, որ արցախցի 10-15 տարբեր գործիչներ հրավիրվել են ՀՀ փոխվարչապետի մոտ, և այն ներկայացուցչական չի եղել․ «Այնտեղ ընդհանուր սկզբունքները ներկայացվել են, և Արցախի գրեթե բոլոր ներկայացուցիչները սկզբունքորեն տարաձայնություն են հայտնել տարբեր կետերի վերաբերյալ, նաև գումարի մասով»։
Ըստ նրա՝ կառավարության հիմնավորումն այն է եղել, որ 2023թ.-ին կադաստրում գրանցված առուվաճառքի մեկ քառակուսի մետրի միջին գինը 200 000-ից ավելի չէ և մեկ անձի համար 15 քառակուսի մետրը բավարար է։ «Դա իրականում չի արտացոլում երկրորդային շուկայի պատկերը։ Իրենք ասել են՝ բացի Երևանից, Աբովյանից, Ծաղկաձորից և Էջմիածնից մնացած համայնքներում այս գինն է գործում»,-ասաց Բեգլարյանը, սակայն հավելեց, որ կարող են ուսումնասիրել շուկան և տեսնել, որ նշված համայնքներում էլ այդ գինը չէ։ Կադաստրում գործարքներ անելիս ցածր գին են նշում՝ հարկային պարտավորությունից խուսափելու համար կամ այլ նպատակով։
«Երկրորդային շուկայի տների միջին գինը մարզային համայնքներում, Երևանից նույնիսկ տասնյակ կմ հեռու, 320 000-ից 500 000 դրամ է։ Արցախի ժողովրդի ներկայացուցիչների կարիքը բավարար չափով հաշվի չի առնվել»,-ասաց Բեգլարյանը։