00:00:00

Արցախի ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից հայկական հետքի վերացման բարբարոսական գործողությունները

16:06, 05 մարտ 2024 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված լայնամասշտաբ պատերազմից ու ամբողջական բռնազավթումից հետո վտանգված են Արցախի միջնադարյան բազում հոգևոր կենտրոններ, կրթահամալիրներ ու հուշակոթողներ, պատմամշակութային արժեքներ հանդիսացող շենքեր ու շինություններ․ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել։

 

«Չնայած խաղաղության մասին միջազգային տարբեր հարթակներում սեփական բարձրակոչ հայտարարություններին՝ Ադրբեջանն անթաքույց փորձում է հայ ժողովրդի նկատմամբ իր ցեղասպանական ծրագրերը եզրակետին հասցնել: Դա հիմնականում արտահայտվում է հայկական քրիստոնեական պատմամշակութային, ազատագրական պայքարի և պետականակերտման խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների պղծմամբ, ոչնչացմամբ կամ էլ այսպես կոչված «աղվանական ծագման» հորջորջմամբ:

 

Վանդալիզմի վերջին դրսևորումներն են Ստեփանակերտի Աստմածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի պղծումը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Ազատամարտիկների միության շենքերի հիմնահատակ ավերումը:

 

Ըստ զինված հակամարտությունների ժամանակ արժեքների մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի որևէ գործողություն: Թեև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մի քանի անգամ կոչեր են հնչել Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը վերջ դնելու համար և խոստումներ եղել առաքելություն ուղարկելու, սակայն որևէ առաքելություն առ այսօր այդպես էլ չի ժամանել Արցախ, Ադրբեջանի կողմից արհեստական խոչընդոտների ստեղծման պատրվակով, և միզազգային հանրության անտարբերությունը և անուշադրությունն ազատություն են տվել ագրեսորի վանդալիզմին՝ դառնալով տարածաշրջանում նոր պատերազմների հրձիգ:

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական հետքի վերացման բարբարոսական գործողությունները և իրավապաշտպան կազմակերպություններից, ՀՀ իշխանություններից պահանջում ադրբեջանական հակամշակութային բոլոր գործողությունների փաստերը մեկ առ մեկ ներկայացնել միջազգային իրավասու մարմիններին և ատյաններին՝ խնդրին տալով միջազգային հնչեղություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր