Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագծի քննարկումը փետրվարի 13-ի օրակարգում է, բաց ենք առաջարկների համար, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
«Նախագծի վերջնամասում գրված է, որ այն նախատեսվում է ուժի մեջ մտնել 2024-ի սեպտեմբերին. այն ժամկետի համար է նախատեսված, երբ մենք սպասում ենք 8.6 մետրանոց նոր 171 ավտոբուսների ժամանելուն»,-ասաց Գրիգորյանը։
Նա ասաց, թե տարբեր տոմսային պրոդուկտներ են մշակվել, որոնք իրենց բովանդակությամբ նախատեսված են տարբեր խմբերի համար։
«Զբոսաշրջիկը, որը մի քանի օրով գտնվում է Երևանում, տրամաբանություն չկա, որ ձեռք բերի ամսական, եռամսյակային կամ տարեկան տոմս։ Այն սակագինը, որն այսօր կա, և նույնիսկ այն սակագինը, որն առաջարկվում է նախագծով, չի բերելու նրան, որ ինքնարժեքը փակվի։ Այսինքն, բացի ուղևորի վճարած գումարից, այսպես թե այնպես, համայնքային բյուջեից պետք է սուբսիդավորվի այդ ուղևորությունը, որպեսզի ինքնարժեքը ծածկվի»,-ասաց Գրիգորյանը։
Քաղաքապետի տեղակալը նշեց, թե նախագիծը միտված է նրան, որ բավականին բարձր սուբսիդիայի ծավալն ինչ-որ չափով նվազի.
«Այս փոփոխությամբ մենք չենք ունենում այն իրավիճակը, որ մեր տրանսպորտային համակարգն ինքն իրեն սպասարկում է, մեկ է, կողքից լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն լինելու է։ Այս նախագիծն ուղղված է նրան, որ ունենանք տարբերակված մոտեցում տարբեր ուղևորների նկատմամբ, այսինքն՝ ում որ պետք է սուբսիդավորել՝ սուբսիդավորվի, ում որ չէ՝ չսուբսիդավորվի»։