Այսօր դատական նիստից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արդար չէ իրեն լռելու մեջ մեղադրելը։
«Այս տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ողբերգությունից հետո սա 5-րդ հանդիպումն է լրատվամիջոցների հետ։ Այդ շփումների ընթացքում ես պատրաստ եմ եղել պատասխանել ձեր ցանկացած հարցի, եթե ինչ-որ հարցեր ինձ չեք ուղղել, ինձ մի մեղադրեք դրա մեջ։ Ես քաղաքական ուժի ղեկավար եմ և ամեն Աստծո օր հանդիպում եմ բազմաթիվ մարդկանց հետ և հստակ արտահայտում եմ իմ վերաբերմունքն ու կարծիքը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ»,-նշեց նա։
Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք հետևել է Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին, որտեղ խոում է բանակցային գործընթացներից՝ Սարգսյանը պատասխանեց.«Անկեղծ ասած՝ այդ ելույթի մեջ ես տեսել եմ բազմաթիվ ստեր ու կղծիքներ, ինչպես միշտ։ Բայց պետք է հստակ ընդգծեմ մի կարևոր հանգամանք՝ Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը ԼՂ-ն զոհաբերել է գիտակցաբար։ Երբ նա խոսում էր ինչ-որ մահակների մասին, այսինքն՝ իր համար ԼՂ-ի հարցը մահակ էր Հայաստանի գլխին, ուղղակի ես չհասկացա՝ ո՞ր մահակների մասին էր խոսում, կամ ովքե՞ր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին՝ համանախագահնե՞րը, ովքեր 5 անգամ գրավոր հայտարարություն են տարածել ԼՂ-ի վերջնական կարգավիճակի մասին, որ այն պետք է վերջնական լուծվի ազատ կամարտահայտությամբ։ Ո՞ր երկրի մասին էր խոսվում, ո՞ւմ մասին էր խոսվում, որ մահակ է պարզել, միգուցե, այն երկրի՞, որը մեզ միլիարդներով անվճար և զեղչ գներով սպառազինություն է մատակարարել, և ինքն ամբողջությամբ դա հանձնել է Ադրբեջանին։ Բայց գոնե բոլորս հասկացանք իր խոստովանությունը և միակ ճիշտ բանը, որ ասեց՝ ինքը գիտակցաբար է զոհել Ղարաբաղը»։