ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է «ընկնել» վարորդների «հետևից»։ Այս անգամ էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Թորոսյանը հայտարարել է, որ մեքենայով իջնում է Մյասնիկյան պողոտայով և նկատում է, որ ոչ վարորդները, ոչ էլ ուղևորները ամրակապված չեն։ Ի դեպ լայվի սկզբում Թորոսյանն անդրադարձավ իր խոսքով այն մեղադրանքներին, թե ինչու է ինքը մեքենա վարելիս հեռախոսով ուղիղ եթեր իրականացնում։ Նա ասաց, թե մեքենան ինքը չի վարում և որպես ապացույց ցույց տվեց ոտքերը։ «Իրավիճակը չի փոխվել և կարծես թե ամրակապված վարորդ չկա։ Հատկապես տաքսու վարորդները չեն պահպանում»,– ասաց Թորոսյանը, արձանագրելով, որ ըստ էության պարեկային ծառայությունը քայլեր չեն ձեռնարկում։ «Բավարար ջանքեր չեն գործադրվում»,– նկատել է Թորոսյանը։ Նա ասաց, որ խնդրել է գործընկերներին տրամադրել կոնտակտ, որպեսզի պատգամավորական լիազորությունների շրջանակներում կապ հաստատի պարեկային ծառայության ղեկավարության հետ, ու պարեկայինների հետ շրջի փողոցներում, հասկանա, ինչ իրավիճակ է այս առումով։ «Պարեկային ծառայության հետ ես էլ դուրս գամ ծառայության և միասին ծառայություն իրականացնենք»,– ասաց նա։
ՔՊ–ական պատգամավորն ասաց, որ հույս ունի կգտնի կոնտակտը։
Ի դեպ Արսեն Թորոսյանը մեկ անգամ չէ, որ փորձում է «բոչկա» գլորել իրավապահների ուղղությամբ։ Սա էլ ըստ տեղեկությունների համաձայն պայմանավորված է այն հանգամանքով, որ նա հայտնվել է նույն իրավապահների ուշադրության կենտրոնում։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Թորոսյանը հայտարարել էր, ՔԿ, Դատախազության, ԿԲ–ի ու այլ կառույցների ղեկավարներին ուղեկցող մեքենաները երթևեկում են ազդանշանային փարոսիկներով, ինչն ըստ իրեն օրինական չէ։ Նա մեկ շաբաթ ժամանակ էր տվել, որպեսզի հարցը կարգավորվի, հակառակ դեպքում իր մեքենայի վրա էլ «միգալկա» կդնի, բայց մեկ շաբաթը վաղուց անցել է, իսկ նշված կառույցների ղեկավարներին ուղեկցող մեքենաներից չեն հեռացվել փարոսիկները, իսկ Թորոսյանն էլ դեռ իր մեքենայի վրա «միգալկա» չի դրել։