Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ավելի քան 120 կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքների ղեկավարներ ստորագրել են ուղերձ՝ ուղղված միջազգային հանրությանը՝ դեկտեմբերի 10-ի՝ ԱՀ անկախության հանրաքվեի, ԱՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրերի առթիվ:
Ուղերձի հասցեատերերն են՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, Եվրոպայի Խորհուրդը (Գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը, Նախարարների խորհրդի նախագահը), Եվրամիության Խորհրդի նախագահը, Եվրոպական Խորհրդարանի նախագահը, ԱՊՀ Գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ Գլխավոր քարտուղարը։
Ուղերձը բաց է հետագա ստորագրության համար, որին կարող են միանալ Արցախի կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները և համայնքների ղեկավարները: Միանալու ցանկություն ունեցող սուբյեկտները պետք է համապատասխան նամակ ուղարկեն հետևյալ էլհասցեին՝ [email protected]
Ստորագրողների թարմացված ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով
Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերի ուղերձում
մասնավորապես, ասվում է․
ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
Հասցեատերեր՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղար, ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, ԵԱՀԿ գործող նախագահ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, Եվրոպայի Խորհուրդ (Գլխավոր քարտուղար, ԵԽԽՎ նախագահ, Նախարարների խորհրդի նախագահ), Եվրամիություն Խորհուրդի նախագահ, Եվրոպական Խորհրդարանի նախագահ, ԱՊՀ Գլխավոր քարտուղար, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար, ՆԱՏՕ Գլխավոր քարտուղար։
Ոչ մի ազատ ժողովուրդ չի կարող հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից և ենթարկվել իր համար օտար պետության գերիշխանությանը, առավել ևս մի պետության, որը ղեկավարվում է իր անպատժելիությամբ արբեցած ավտորիտար, կոռումպացված և ռասիստական ռեժիմի կողմից:
Մեր ընդհանուր որոշումը՝ լքել մեր Հայրենիքը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը, մեր տները, թողնել Սբ․ Մկրտչի մասունքները, մեր հայկական եկեղեցիներն ու մեր նախնիների գերեզմանները, որոնք մենք պաշտպանել ենք դարեր ի վեր, ապացույց է ողջ աշխարհին, որ Արցախի ժողովրդի համար ազատությունը բարձրագույն արժեք է։ Այս ճարահատ որոշումն ընդունվել է շարունակական ցեղասպանական գործողությունների և մեր գլխին կախված գոյաբանական լուրջ սպառնալիքների պայմաններում։
Մենք կայացրինք այդպիսի որոշում, քանի որ նրանք, ովքեր իրենց համարում են մարդու իրավունքների ու ազատությունների ջատագովներ ու պաշտպաններ, որոշեցին հանուն Հայաստանի ու Ադրբեջանի միջև թվացյալ խաղաղության ձեռքբերման և հանուն իրենց աշխարհաքաղաքական շահերի մերժել սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու և ինքնորոշման մեր իրավունքները։
Մենք հեռացանք, քանի որ միայն այդպես կարող էինք ապահովել մեր անվտանգությունը և պահպանել մեր մարդկային ու ազգային արժանապատվությունն ու մեր գենոֆոնդը, քանի որ միայն այդպես կարող էինք բացահայտել այն մեծ սուտը, որի վրա հիմնված էր հակամարտության միակողմանի և ուժային լուծման քաղաքական գաղափարը, որը ենթադրում էր մեզ և մեր երեխաներին ստիպել հպատակվելու և հավատարմության երդում տալու մեզ ոչնչացնող և ատող վարչակարգին։
Ավելի քան երեք տասնամյակ շարունակ մենք մեր բոլոր ուժերով պաշտպանել ենք մեր երեխաների խաղաղության և ազատ զարգացման իրավունքը: Մենք դիմակայում էինք քաղաքական գործարքներին, որոնցով մերժվում էր սեփական Հայրենիքում ապրելու մեր ինքնիշխան իրավունքը, որը ձեռք է բերվել բազմաթիվ մարդկանց կյանքի գնով, հանուն մեր ազգային արժանապատվության ու ինքնության պահպանման՝ մի քանի սերունդների դարավոր պայքարի ընթացքում ահռելի կորուստների գնով։ Եվ այս պայքարը չի ավարտվել։ Մենք վստահ ենք, որ ճշմարտության և արդարության զորությամբ կվերադարձնենք մեր Հայրենիքը։
Նրանց համար, ովքեր կարծում են, թե աշխարհը կարելի է կառավարել ստով ու բռնությամբ, կրկնում ենք.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խորհրդարանական ճանապարհով հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանի օրինական իշխանությունների կողմից, այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին ԽՍՀՄ-ից դուրս գալու որոշման մասին։ ԼՂՀ-ի ձևավորման մասին քաղաքական հռչակագիրը հիմնված էր այն ժամանակ գործող միութենական օրենքի իրավական նորմի և արցախցիների կամարտահայտության վրա, որը դրսևորվել է համաժողովրդական հանրաքվեով։
Մեր ինքնորոշման իրավունքը ճանաչվել է նույնիսկ Խորհրդային Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից 1920 թվականին, հիմք է հանդիսացել 1923 թվականին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ձևավորման համար, ամրագրվել է ԽՍՀՄ սահմանադրությամբ, Ադրբեջանական ԽՍՀ սահմանադրությամբ և «ԼՂԻՄ-ի մասին» Ադր.ԽՍՀ օրենքով, այն պահպանվել է «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» 1990 թ. ապրիլի 3-ի դաշնային օրենքով, ինչպես նաև խարսխված է ՄԱԿ-ի կանոնադրության և 1966 թ. ընդունված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի վրա։
1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն հաստատեց, որ ընտրողների բացարձակ մեծամասնությունը պաշտպանել է մեր Հանրապետության անկախությունը հռչակելու որոշումը։ Ցեղասպանական պաշարման և ռազմական ագրեսիայի պայմաններում ժողովրդավարական չափորոշիչներով ընտրված օրինական խորհրդարանը 1992 թվականի հունվարի 6-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը։ Այս ընտրության համար իրենց կյանքով վճարեցին մեր հազարավոր հայրենակիցները։
1992 թվականին ԵԱՀԽ/ԵԱՀԿ բոլոր անդամ – պետությունները ճանաչեցին Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների իրավունքը՝ մասնակցելու ԵԱՀԿ միջազգային համաժողովին, որը լիազորված է կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը։
Մեր ժողովուրդը 2006 թվականին հանրաքվեով հաստատել է Հանրապետության Սահմանադրությունը, որով սահմանվել է Լեռնային Ղարաբաղի օրինական ներկայացուցիչների ընտրության կարգը և նրանց լիազորությունները, իսկ 2017 թվականի հանրաքվեով ժողովուրդը հաստատել է նոր Սահմանադրությունը։ Այս Սահմանադրությունը եղել և մնում է միակ հիմնարար օրենքը, որով առաջնորդվում և որին ենթարկվում են մեր Հանրապետության քաղաքացիներն իրենց կամքով։
Հետևաբար, մենք՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներս, ձգտելով պաշտպանել մեր օրինական իրավունքներն ու մեր Հանրապետության սուբյեկտությունը, պնդում ենք, որ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը ոչ մի մասնակցություն չի ունեցել ինքնահռչակ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության և իշխանության մարմինների ձևավորման գործում, այլ, ընդհակառակը, հայտարարել է սեփական անկախության մասին։ Սակայն նորաստեղծ Ադրբեջանը չէր թաքցնում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր անհիմն հավակնությունները։
Հենց այսպիսի պայմաններում է միջազգային հանրությունն արձանագրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ տարաձայնությունների առկայության փաստը՝ ճանաչելով տվյալ տարածքի վիճելիությունը։ Հայաստանն ու Ադրբեջանն այն ժամանակ ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ-պետություններ են դարձել պայմանով, որ ընդունում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցում տարաձայնությունների առկայության փաստը և համաձայնվում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվի ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվելիք խաղաղության համաժողովում։ Երկու պետություններն էլ հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային պարտավորություն են ստանձնել։
Սակայն, ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ դառնալով՝ Ադրբեջանն անմիջապես խախտեց վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու իր միջազգային պարտավորությունը։ Պաշտոնական Բաքուն ապօրինի ուժ կիրառեց ԼՂՀ-ի՝ որպես վիճելի տարածքի նկատմամբ, նպատակ ունենալով խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը նվիրված միջազգային համաժողովի անցկացումը։ Ստեղծված իրավիճակում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն օգտվել է ինքնապաշտպանության իր իրավունքից։ 1992-94 թթ. Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիան պարտությամբ պսակվեց այդ երկրի համար ու հանգեցրեց տարածքային զգալի կորուստների։ Կարևոր է ընդգծել, որ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի զորքերի շփման գիծը միջազգայնորեն ճանաչվել է։
Այդուհանդերձ, հակամարտության երեք տասնամյակի ընթացքում ոչ մի պետական գործիչ, քաղաքական գործիչ կամ իրավական իշխանության որևէ միջազգային մարմին չի պատասխանել մի պարզ հարցի. ինչու՞ Ադրբեջանը և այլ պետություններ, որոնք իրավական առումով ճանաչել են օրենքի գերակայության սկզբունքին հետևելու պարտավորությունը՝ որպես իրենց պետականության հիմնարար սկզբունք, կարող են չկատարել այս սկզբունքից բխող՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու պարտավորությունը և ուժի չկիրառման սկզբունքը։
Սույն հանգամանքն Ադրբեջանին թույլ է տվել սեփական քաղաքականության զինանոցում պահպանել բնիկ հայ ժողովրդի բռնի տեղահանման ճանապարհով Լեռնային Ղարաբաղի զավթման ռազմավարությունը։ Այդ երկրի նախահարձակ քաղաքականությունն այդպես էլ միջազգային պատշաճ դատապարտման չի արժանացել։ Միջազգային ակտորները, ի հեճուկս բնակչությունը ցեղասպանությունից պաշտպանելու համար պատասխանատվություն ստանձնելու իրենց միջազգային պարտավորությունների (Responsibility to Protect), ցավոք, պատշաճ ուշադրություն չդարձրին Արցախի բնակչության լրջագույն գոյաբանական սպառնալիքների մասին Արցախի խորհրդարանի 2023 թ. հուլիսի 27-ի ուղերձին և չկանխեցին Ադրբեջանի հանցավոր գործողությունները, ինչի արդյունքում Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերին հերթական ռազմական ագրեսիան ձեռնարկեց ԼՂՀ-ի դեմ և Արցախի բնիկ հայ ազգաբնակչությանն արտաքսեց իր պատմական հայրենիքից։
Հարկ է հիշեցնել, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի զինադադարի կնքումից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն այլևս գոյություն չունի, և որ բոլորը պետք է համակերպվեն Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքներին։ Ձգտելով նենգափոխել հակամարտության էությունը՝ Ադրբեջանն իր դիվանագիտական բառապաշարի մեջ մտցրեց «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի զավթման» մասին կեղծ պատումը, որի միջոցով էլ փորձում է խլացնել իր իսկ ագրեսիվ ցեղասպանական քաղաքականության արձագանքները։
Մենք մտադիր չենք փոխելու սեփական Հայրենիքի նկատմամբ մեր սկզբունքները, համոզմունքներն ու իրավունքները՝ ո՛չ ուժի, ո՛չ բնաջնջման սպառնալիքի, ո՛չ աքսորի, ո՛չ էլ որևէ այլ քաղաքական հանգամանքներում։
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն այսօր կանգնած է ընտրության առաջ՝ կամ վերականգնել միջազգային կարգը Լեռնային Ղարաբաղում, հիմնված ինքնորոշման իրավունքի և ժողովուրդների ու մարդու այլ իրավունքների ու ազատությունների վրա, կամ լռելյայն համաձայնվել, որ շրջափակումը, ռազմական ագրեսիան, ցեղասպանությունը և օկուպացիան հակամարտությունների լուծման օրինական միջոցներ են հանդիսանում:
Այսօր բազմաթիվ երկրների առաջնորդներ խոսում են Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի անհրաժեշտության մասին։ Սակայն, մենք գտնում ենք, որ սեփական Հայրենիք մեր ժողովրդի խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի ու կյանքի համար անհրաժեշտ են հետևյալ անվիճարկելի պայմանները.
Առաջին՝ մենք բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո։ Ադրբեջանական զինված ուժերը, ոստիկանությունը և վարչակազմը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Արցախի Հանրապետության տարածքից, ներառյալ Շահումյանի շրջանը, որտեղ 1992 թ. իրականացված էթնիկ զտման համար Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրում։
Երկրորդ՝ Արցախի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով պետք է տեղաբաշխվեն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր, և ստեղծվի ապառազմականացված գոտի։
Երրորդ՝ Լաչինի միջանցքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողությանն ու կառավարմանը։
Չորրորդ՝ Արցախի Հանրապետության տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը՝ բոլոր փախստականների վերադարձի, ժողովրդավարական և իրավական հաստատությունների ստեղծման և տնտեսության վերականգնման համար պայմաններ ապահովելու համար։ Բոլոր փախստականները պետք է ունենան հավասար կարգավիճակ, հավասար իրավունքներ և ենթարկվեն անցումային շրջանի ընդհանուր կանոններին մինչ հանրաքվեն, որը կհաստատի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը, որի արդյունքը իրավաբանորեն կճանաչվի բոլոր պետությունների կողմից։
Հինգերորդ՝ պետք է լիովին բացառվի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների՝ հակամարտության ողջ ընթացքի հետ կապված ցանկացած մեղադրանքով քրեական հետապնդման հնարավորությունը։ Բոլոր ձերբակալված և արդեն դատապարտված հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Մենք պատրաստ ենք ճանաչել միջազգային տրիբունալի իրավասությունը՝ հետաքննելու յուրաքանչյուր ռազմական հանցագործություն, որոնցով մեղսագրվում են մեր քաղաքացիները, սակայն պայմանով, որ այդ տրիբունալը նույնկերպ կքննի բոլոր ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Ադրբեջանի քաղաքացիների և նրա վարձկանների կողմից։
Մենք պատրաստ ենք ըստ ամենայնի նպաստել հակամարտության խաղաղ լուծմանը, որը հիմնված կլինի ինքնորոշման իրավունքի և ժողովուրդների ու մարդու՝ միջազգայնորեն ճանաչված այլ իրավունքների ու ազատությունների լիակատար հարգման վրա։