Լրագրողները ԵԱՀԿ ԽՎ նախագահին այսօր հարց են ուղղել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ նրա սպառնալիքների մասին։
Պիա Կաուման նշել է, որ մինչ Հայաստան գալը հնարավորություն է ունեցել երկօրյա այցով լինելու նաև Ադրբեջանում:
«Այնտեղ տպավորություն ստացա, որ նրանք պատրաստ են խաղաղության շուրջ բանակցություններին։ Այնուամենայնիվ, դա է այն ուղերձը, որ նրանք ցանկանում են փոխանցել: Ես ցանկանում եմ հավատալ այն հավանականությանն ու հնարավորությանը, որ կկնքվի խաղաղության պայմանագիր: Հույս ունենք, որ շաբաթների ընթացքում դա կլինի: Մենք՝ որպես կազմակերպություն, քաջալերում ենք երկու կողմերին՝ շարունակելու բանակցությունները եւ նոր հնարավորություններ փնտրելու, որոնց դեպքում կարող են պայմանագիր կնքել, քանի որ այս տարածաշրջանը շատ կարևոր է բոլորի համար»,- ասել է Պիա Կաուման։
«Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիներն արժանի են խաղաղության, և ժամանակն է արդեն նոր ուղիներ գտնել խաղաղության համար: Մենք՝ որպես կազմակերպություն, և ես անձամբ, սատարում ենք հայ ժողովրդին, որպեսզի կարողանանք ուղի գտնել խաղաղության համար»,- հավելել է նա։
Նշենք, որ Երեւանում նոյեմբերի 18-20-ն ընթանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքը: