00:00:00

Փաշինյան-Սուքիասյան տանդեմի փչած Բադեն-Բադենյան փուչիկը պայթեց

18:13, 14 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է։Հիշեցնենք՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին «Փաստերի ստուգման հարթակ»-ը հետաքննություն էր հրապարակել, ըստ որի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ամեն տարի կառավարական օդանավով պետական միջոցների հաշվին մեկնել է գերմանական Բադեն-Բադեն քաղաք։
Բադեն-Բադենյան արկածների մասին խոսել էր նաև Նիկոլ Փաշինյանը, ով 2021 թվականին ակնարկներով, սակայն, նույնպես Սերժ Սարգսյանի հասցեին մեղադրանք էր հնչեցրել Բադեն-Բադենում պետական բյուջեն մսխելու վրա: Մասնավորապես, ԱԺ ամբիոնից նա հռետորական հարց էր հղել, թե տեսեք որքան ներդրումներ էին արվել այս ընթացքում Շուշիում, և որքան ներդրում Բադեն-Բադենում:
Այնուհետև այս նույն մեղադրանքը լսեցինք արդեն Փաշինյանի կարկառուն թիմակից Խաչատուր Սուքիասյանի՝ Գռզոյի շուրթերից: Մասնավորապես, նա ասել էր հետևյալը՝  «Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը հարյուր միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել ա, նույն Բադեն-Բադենում»։ Այս հայտարարության համար Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները դատական հայց ներկայացրին Սուքիասյանի դեմ: Բնականաբար Սուքիասյանը մինչ օրս չի կարողացել հիմնավորել և ապացուցել իր պնդումները, իսկ դատախազության այսօրվա հաղորդագրությունից հետո նա ընդհանրապես հայտնվում է մեղմ ասած ոչ նախանձելի իրավիճակում, քանի որ պարզից էլ պարզ է, որ թե Սուքիասյանը, թե նրա քաղաքական շեֆ Նիկոլ Փաշինյանը այսքան ժամանակ զբաղվել են էժանագին զրպարտությամբ:
Ուշագրավ է, որ դատախազությունը այս գործի կարճման վերաբերյալ ահասարսուռ երաժշտությամբ համեմաված տեսանյութեր չի հրապարակում, շոու չի անում և դա հասկանալի է, քանի որ ըստ էության քանդվեց իշխանությունների գլխավոր քարոզչական փուչիկներից մեկը, որը նրանք օգտագործում էին հանրության ուղեղը լվանալու, մանիպուլացնելու և նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ ատելություն գեներացնելու համար: Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ քանդվում է հերթական շինծու քրեական գործը, որը Փաշինյանն ու թիմը օգտագործեցին սեփական պրիմիտիվ նպատակներին հասնելու համար, այն էլ՝ չհասան: Մինչ այս պահը Փաշինյանն ու նրա իրավապահ համակարգը Սերժ Սարգսյանին մեկ Բադեն-Բադենում բյուջե մսխելու մեջ են կարողացել մեղադրել, մեկ էլ ՝ սալյարկա գողանալու: Երկիրը տաս տարի ղեկավարած քաղաքական գործչի դեմ այս մեղադրանքները այն աստիճան զավեշտալի են և անհիմն, որ անգամ Փաշինյանին հլու հնազանդ ծառայող դատախազությունն է ստիպված դրանք հերքել:  Մնում է սպասել և տեսնել, թե ինչ կորոշի երրորդ նախագահի պաշտպանական թիմը և ինչ փոխհատուցում են ստիպված լինելու վճարել վերը թվարկված և զրպարտության հանդեպ մեծ սեր ունեցող ակտորները՝ Սերժ Սարգսյանի բարի համբավը արատավորելու համար:

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր