00:00:00

Հայաստանի տարածքով միջանցք նախատեսված չէ, բայց ուզում եմ, որ միջազգային հանրության ականջին շփոթ չստեղծենք. Նիկոլ Փաշինյան

17:31, 13 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Հայաստանը դեմ չէ Հորադիրզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղու վերաբացմանը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Կարծում եմ, որ դա Հայաստանի համար շատ կարևոր նախագիծ է»,- նշեց նա:
 
Վարչապետն ասաց, թե Հայաստանը դեմ չէ տարածաշրջանի տրանսպորտային երթուղիների բացմանը, կողմ ենք, որ ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի տարածքով, այնպես էլ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով հաղորդակցվեն:
 
«Արդյո՞ք մենք դեմ ենք, որ Հայաստանի տարածքով անցնեն տարածաշրջանային գազամուղեր, նավթամուղեր, էլեկտրական հաղորդման գծեր, ո՛չ, մենք դեմ չենք, ընդհակառակը, շահագրգռված ենք այդ ծրագրերով: Այդ ամենը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության սահմաններում, նաև` մյուս երկրների»,- ընդգծեց Փաշինյանը:
 
Նա հայտարարեց, թե Հայաստանի համար անընդունելի է ՀՀ ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որևէ կերպ կասկածի տակ դնող հայտարարություն:
 
«Դա մեզ համար կարմիր գիծ է»,- ասաց նա:
 
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նախատեսված է միայն Լաչինի միջանցքը:
 
«Հայաստանի տարածքով միջանցք նախատեսված չէ, բայց, ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել, որ մենք միջազգային հանրության ականջին շփոթ չստեղծենք, որովհետև շատ դեպքերում, օրինակ Եվրոպայում, միջանցք ասում են` հասկանալով տրանսպոտային հաղորդակցություն»,- նշեց վարչապետը:
 
«Ուզում են ճանապարհ, մենք էլ ենք ուզում ու պատրաստ ենք բացել այդ ճանապարհները ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության շրջանակներում»,- հավելեց Փաշինյանը:
 
Նա ասաց, որ երկար ժամանակ ՀՀ կառավարության օրակարգում կա Հայաստան-Ադրբեջան սահմանին երեք անցակետ բացելու վերաբերյալ նախագիծ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր